Ադրբեջանական Գաբալայում մայիսի 21-ին կանցկացվի Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան հերթական գործարար համաժողովը:
Երրորդ անգամ կազմակերպված եռակողմ գործարար համաժողովի շրջանակում կքննարկվեն տնտեսական համագործակցության եւ կապերի ընդլայնման հեռանկարները, ասված է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրությունում: Կներկայացվեն երեք երկրների տնտեսությունները եւ նրանց գործարար-ներդրումային հնարավորությունները, ձեռնարկատերերի երկկողմ հանդիպումներ կկազմակերպվեն:
Վերոնշյալ նախարարության տվյալով՝ 2012թ. Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2,12 մլրդ դոլար: Ընդ որում՝ ներկրման ծավալով Թուրքիան Ադրբեջանի արտաքին առեւտրային գործընկերներից առաջինն է (1520,04 մլն դոլար): Փոխադարձ ներդրումների ծավալը գերազանցում է 10 միլիարդը:
«Գռուզիա Online»-ը գրում է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ արտահանման-ներկրման գործարքների ծավալը նախորդ տարի կազմել է 700,66 մլն դոլար: Ադրբեջանն ուղիղ ներդրումների ծավալով Վրաստանի տնտեսությունում երկրորդ տեղում է, նրա ներդրումները Վրաստանում կատարված ուղիղ ներդրումների 12 տոկոսն են կազմում:
news.am