Ինչպես է առաջացել Մարտի 8-ը. պատմական ակնարկ

Ինչպես է առաջացել Մարտի 8-ը. պատմական ակնարկ

Կանանց միջազգային օրը նշվում է ողջ աշխարհում: Սկզբնական շրջանում այս տոնի շնորհիվ արժեվորվում էր աշխատավոր կանանց մղած պայքարը: 1910 թ.-ին սոցիալիստական կուսակցության համագումարի ժամանակ գերմանացի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինան է առաջարկել մարտի 8-ը հռչակել կանանց միջազգային տոն՝ ի պատիվ ողջ աշխարհի աշխատավոր կանանց: Կայսրը Ցետկիանային անվանում էր կայսրության ամենավտանգավոր կախարդուհի: Ցետկինան այնքան համարձակ էր, որ անգամ Լենինի հետ էր բանավիճում կանանց իրավունքների շուրջ: Նախքան մարտի 8-ը պաշտոնապես կհռչակվեր կանանց միջազգային տոն, աշխատավոր կանայք ստիպված էին դժվարին ճանապարհ անցնել:

Ավանդաբար ընդունված էր համարել, որ աշխատավորների պայքարը, որը տարվում էր Ամերիկայում, տղամարդկանց պայքար էր: Այնուամենայնիվ, մի փոքր համապարփակ ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, որ կանայք հենց սկզբից իրենց ներդրումն ունեին այդ պայքարում: Սկզբում նրանք աջակցում էին տղամարդկանց, իսկ հետագայում գիտակցեցին, որ կանանց կարիքներն անտեսվում էին աշխատավորների միություններում:

1820-ականներին կանանց գործադուլները հիմնականում տեղի էին ունենում  Նոր Անգլիայում և կազմակերպվում էին դերձակությամբ զբաղվող կանանց կողմից: Գործարանային քաղաքների խաղաղ բնակչությունը զարմացած էր՝ տեսնելով, որ կանայք ցույցեր էին անում, պահանջում ավելի լավ պայմաններ, ավելի բարձր աշխատավարձ և աշխատանքային ժամերի կրճատում: Այնուամենայնիվ, նրանց պահանջները լուրջ չէին ընդունվում: Վաղ շրջանի ամենահայտնի ցույցերից մեկը տեղի է ունեցել Մասաչուսեթսի Լոուել քաղաքի բամբակի գործարաններում: Այս գործարանների կին աշխատակիցները աշխատում էին շաբաթական 81 ժամ: 1834 թ.-ին այս կանայք բողոքի ցույց կազմակերպեցին, սակայն այն ոչ մի արդյունքի չհանգեցրեց: 1836 թ.-ին նրանք կրկին ոտքի ելան և քայլերթ կազմակերպեցին: Քայլերթի ժամանակ նրանք երգում էին. «Ափսոս չէ՞, որ իմ պես գեղեցիկ աղջիկը գործարանում բանի ու մեռնի»: Մի քանի օր շարունակ գործադուլ անելուց հետո նրանք ստիպված էին կրկին աշխատանքի անցնել:

Քաղաքացիական պատերազմից հետո բազմաթիվ կանայք այրիացան և ստիպված էին սեփական ուժերով ապրուստ վաստակել: Հազարավոր կանանց մուտքը աշխատանքային շուկա առաջացրեց տղամարդկանց դժգոհությունն ու թշնամանքը: Առևտրական միություններում իշխում էին տղամարդիկ, ովքեր թույլ չէին տալիս կանանց անդամակցել այդ միություններին: Այս պատճառով էլ կանայք իրենց սեփական միությունները հիմնեցին: Այդ միությունները հիմնականում ստեղծվում էին ծխախոտագործների, լվացարարուհիների և դերձակուհիների կողմից: 1857 թ.-ի մարտի 8-ին Նյու Յորքի աշխատավորները քայլերթ կազմակերպեցին՝ պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ և հավասար իրավունքներ կանանց համար: Ոստիկանության աշխատակիցները խոչընդոտեցին նրանց քայլերթի անցկացումը:

1900-ականներին կանանց աշխատանքից հեռացնում էին ամենաանհեթեթ պատճառաբանություններով: Նրանց աշխատանքից կարող էին ազատել խոսելու, ծիծաղելու, երգելու, աննշան թերացումների համար: Նրանք հաճախ հարկադրված էին հավելյալ աշխատել, սակայն դրա դիմաց հավելյալ վարձատրություն չէին ստանում: Ամերիկայում կանանց առաջին երկարաժամկետ գործադուլը տեղի ունեցավ 1903 թ.-ին: 13 շաբաթ շարունակ 16-25 տարեկան հազարավոր ամերիկացի կանայք ձմռան ցրտին պիկետներ էին կազմակերպում: Այս կանանցից շատերին տանում էին ոստիկանական բաժանմունք, սակայն նրանք անդրդվելի էին մնում: Սա վերջ դրեց այն անհիմն փաստարկներին, որ կանայք ի վիճակի չեն երկարատև ու կազմակերպված պայքար մղել: Ի վերջո բանը հասավ դատարան: Ցավոք սրտի, դատական գործերի ժամանակ դատարանը կողմնակալ վերաբերմունք էր դրսևորում աշխատավոր կանանց հանդեպ և պաշտպանում անօրեն գործարանատերերին: Դատարանի դիրքորոշումը արտահայտված է դատավորներից մեկի հետևյալ արտահայտության մեջ. «Ձեր ցույցը Աստծո և բնության դեմ է: Աստված ասել է, որ տղամարդը պետք է իր քրտինքով հաց վաստակի»:

1908 թ.-ի մարտի 8-ին հագուստի արտադրությամբ զբաղվող գործարաններում աշխատող նյույորքցի կանայք կրկին քայլերթ կազմակերպեցին: Նրանք պահանջում էին բարելավել իրենց աշխատանքային պայմանները, ընտրական իրավունք ընձեռել իրենց, փակել այն գործարանները, որտեղ աշխատողների իրավունքները ոտնահարվում էին և վերջ դնել երեխաների շահագործմանը: Դրանից երկու տարի անց նույն օրը Կոպենհագենում կայացած համագումարի ժամանակ մարտի 8-ն ընդունվեց որպես կանանց միջազգային օր: Հաջորդ տարի տոնը նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: Այս երկրներում տոնի անցկացումն ուղեկցվում էր բազմամարդ հանրահավաքներով, որոնց մասնակիցները պահանջում էին դադարեցնել աշխատաշուկայում կանանց նկատմամբ խտրականությունը: Ռուսաստանում Մարտի 8-ն առաջին անգամ նշվել է հեղափոխությունից հետո: Հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ ռուսական հեղափոխության խթաններից մեկը 1917 թ.-ի մասսայական գործադուլն էր՝ կազմակերպված տեքստիլի գործարանների բանվորուհիների կողմից: Ի վերջո հեղափոխականների ջանքերն իզուր չանցան: Ցարը կորցրեց իշխանությունը, և կանանց ընտրելու իրավունք շնորհվեց: Չինացի կանայք սկսեցին նշել այս տոնը 1924 թ.-ին: Ժամանակի ընթացքում Մարտի 8-ն ավելի ու ավելի լայն տարածում ստացավ: Ներկայումս այն ոչ միայն աշխատավոր կանանց, այլ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների տոնն է համարվում: