Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի մի քանի փողոցներում պայթել են ջրագծերը` ողողելով փողոցները: Ղաուրմա գյուղի բնակիչները նշեցին, որ ջրագծերի շարքից դուրս գալու պատճառ են հանդիսանում բեռնատար մեքենաները, որոնք ավազ են տեղափոխում մոտակայքում առկա ավազի հանքից, եւ այդ ծանր բեռից գետնի տակ ճկվում, եւ պայթում են ջրի խողովակները:
« Մի քանի անգամ մենք զգուշացրել ենք վարորդներին, որ բեռնատարների պատճառով շարքից դուրս են գալիս խողովակները, կա այլնտրանքային ճանապարհ երթեւեկելու համար, սակայն նրանք ուշադրություն չեն դարձնում, ինչպես ուզում` այնպես էլ վարվում են: Բացի դրանից ամռանը բեռնատարների անց ու դարձից բարձրանում է փոշի, և անհնար է դառնում բաց թողնել դուռ եւ պատուհան»- ասում են բնակիչները:
«Օգնություն գյուղերին» ծրագրով այս տարի բնակիչները որոշեցին կատարել շինաշխատանքներ գյուղի սպորտդահլիճում: Ջրագծերի վերանորգումը իմաստ չունի, քանի որ բեռնատարները նորից գյուղի միջով կտեղափոխեն ավազ եւ կրկին կպայթեն ջրագծերը, երբ կարգելվի բեռնատարների երթեւեկությունը գյուղով այն ժամանակ էլ կարելի է վերանորոգել ջրատար խողովակները:
Ինչպես նշեց Ղաուրմա գյուղի լիազոր Ռոման Մկրտչյանը «Օգնություն գյուղերին» ծրագրով հնարավոր էր վերանորոգել ջրատար խողովակները, հները փոխարինելով նոր եւ ավելի ամուր խողովակներով, որոնք դիմանում են ծանրությանը , հնարավոր էր նաեւ ավելի խորը տեղադրել խողովակները բայց բնակիչները ցանկացան կատարել շինաշխատանքներ սպորտդահլիճում, այլ ոչ թե այդ գումարը հատկացնել ջրատար խողովակները փոխելու համար: