Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Բաթումում մարտի 28-ին կայացած արտգործնախարարների խորհրդի հանդիպման ավարտին միջգերատեսչական համագործակցության գործողությունների ծրագիր են ստորագրել:
Փաստաթուղթը երեք երկրներին ավելի սերտ համագործակցության հնարավորություն կընձեռի, համատեղ մամուլի ասուլիսում հայտնել են Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն եւ Ահմեդ Դավութօղլուն:
2013-15թթ. միջգերատեսչական համագործակցության ծրագիրը մշակվել է երեք երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից եւ նախատեսում է որոշակի նախագծերի եւ նախաձեռնությունների իրականացում: Այն ընդգրկում է տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը, մշակույթը, կրթությունը, սպորտը եւ երիտասարդությունը:
Նախարարական խորհրդի նիստից առաջ Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավար Մայա Փանջիկիձեն հայտնել էր, որ Վրաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային միավորում են ոչ միայն գազա- եւ նավթատարները, այլեւ քաղաքականությունն ու մշակույթը: «Մենք սկսել ենք նոր ձեւաչափով համագործակցել՝ Տրապիզոնի հռչակագրի շրջանակում, որը հարաբերությունների խորացում է նախատեսում քաղաքականության, մշակույթի, հանրության զարգացման եւ այլ ոլորտներում: Մենք այդ ոլորտներում կիսվելու շատ բան ունենք», – ասել է նա:
«Գռուզիա Online»-ը հայտնում է, որ եռակողմ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում՝ 2013թ. երկրորդ կեսին:news.am