Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է բոլորովին նոր՝ «մինչ այսօր անհայտ» գործով հարցաքննության կանչվել։ Ինչպես հայտնում է Газета-ն, այդ մասին շաբաթ ուշ երեկոյան «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին։
Նրա խոսքով՝ նախագահին հարցեր կուղղվեն ոչ միայն նախկին իշխանությունների կողմից «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման (նրա սեփականատերն է հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքը- Tert.am), այլև այնպիսի գործով, որի մասին դատախազությունը մինչ այսօր որևէ բան չի ասել, սակայն հարցաքննության անհրաժեշտություն արդեն կա։
Կբիլաշվիլին նաև շոշափել է 2008թ.-ի օգոստոսյան պատերազմի թեման և ընդգծել, որ դատախազությունը հետաքննում է այս գործը, ինչի կապակցությամբ հատուկ հանձնաժողով կստեղծվի։
Մեկ շաբաթ առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, որ անլուրջ է համարում իրեն հարցաքննության կանչելը՝ 2005-ի փետրվարին վարչապետ Զուրաբ Ժվանիայի անսպասելի մահվան հանգամանքները պարզելու գործով։
«Դա անլուրջ է։ Աշխարհում ոչ մի տեղ նախագահին չեն կանչում հարցաքննության, եթե, իհարկե, մենք չենք ցանկանում նմանվել տումբա-յումբա ցեղախմբին, որը, հավանաբար, արդեն գոյություն էլ չունի»,- հայտարարել էր Սաակաշվիլին։
tert.am