Մարտի 14-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների եւ Վրաստանի կառավարության հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիի հետ:
Փոխնախարար Լիա Գիգաուրին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքի մասին զեկույց: Հիմնական ծրագրերի և քաղաքականության ուղղությունների միջև ընդգծված էին՝ ազգային փոքրամասնությունների հավասար և լիարժեք մասնակցությունը երկրի սոցիալական և քաղաքական կյանքում, հավասար հնարավորությունների ապահովումը, կրթության որակի բարձրացումը, ներառյալ պետական լեզվի իմացության ապահովման առաջնային խնդիրը, ինչպես նաև միջմշակութային զարգացումը:
Ըստ փոխնախարարի, այս ոլորտում կարևոր դեր է խաղացել Ժվանիայի դպրոցը, որն ունի ներկայացուցչություն Վրաստանի 10 շրջանում: Դպրոցում գործում են 246 կրթական խմբեր, տարբեր մասնագիտությունների 3 403 աշակերտ, վրաց լեզվի մասնագիտական դասընթացներ, Վրաստանի Զինված ուժերում՝ 303 աշակերտ:
Նախարարության քաղաքականության շրջանակներում՝ 1 080 ուսուցիչ անցել է մասնագիտական զարգացման ծրագրեր, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում սովորել են վրացերեն:
Նախարարության գործունեության գերակա նպատակներից մեկը բարձրագույն կրթության մատչելիությունն է ազգային փոքրամասնությունների համար: Հանդիպման ժամանակ Լիա Գիգաուրիի կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն, այս պահի դրությամբ, վրացական բուհերում ուսանում է 806 ադրբեջանցի, 424 հայ և 1 օս, որոնցից 96 ադրբեջանցի, 93 հայ և 1 օս ստացել է պետական կրթական դրամաշնորհ:
Խոսելով նախարարության աշխատանքի ընթացքում ձեռքբերումների մասին, փոխնախարարը նշեց բազմաթիվ նախագծեր՝ Քվեմո-Քարթլիում և Սամցխե-Ջավախքում ենթակառուցվածքային օբյեկտների վերանորոգման վերաբերյալ: Ներկայացված տվյալների համաձայն, առաջին տարածաշրջանում սկսվել է 66 նախագիծ, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 319 000 լարի, երկրորդ տարածաշրջանում` 23 902 107 լարի ընդհանուր գումարով՝ 51 նախագիծ:
Իր խոսքի վերջում Լիա Գիգաուրին թվարկեց նախարարության հետագա աշխատանքների հիմնական գերակայությունները, որոնց թվում էին՝
• նախադպրոցական, դպրոցական, մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակի բարձրացումը
• միջնակարգ կրթության որակի բարելավումը, մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև դասագրքերի որակի բարելավումը
• նախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերի մասին հանրության իրազեկումը
• բնակչության քաղաքացիական ներգրավվածության բարձրացումը
• վաղ ամուսնության, ընտանեկան բռնության, եվրոպական ինտեգրման և այլնի մասին՝ երիտասարդների և ուսուցիչների տեղեկացվածության բարձրացումը
• միջմշակութային երկխոսության իրականացումը, մշակութային կենտրոնների ամրապնդումը
• երիտասարդության զարգացումը, ներառյալ` 1+4 ստաժավորման ծրագիրը, բիզնեսի և կառավարման դասընթացները, երիտասարդական կենտրոնները, ամառային ճամբարները, շրջանային զբաղվածության ֆորումները
• Պանկիսիի կիրճի զարգացումը
• քաղաքացիների հետ համագործակցությունը և երկխոսությունը:
Հանդիպման վերջում Նինոծմինդայի շրջանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց փոխնախարարին՝ հանդիպման և նախարարության կողմից կատարված աշխատանքի համար: