Գյուղատնտեսական շուկայի կառուցման համար Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ, որի գումարը կազմում է 191 000 լարի: Մինչ այս քաղաքում առևտուրն իրականացվում էր տարբեր փողոցներում:
«Շուկա կառուցելով առևտուրն անօրինական վայրերից կտեղափոխվի վերահսկվող տարածք: Երկար տարիներ քաղաքը չունի գյուղատնտեսական շուկա և մեր նպատակն է, որ մարդիկ կոնկրետ վայրում օրինական առևտուր անեն»,- «Հարավային Դարպասի» հետ զրույցում հայտնել է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Նինոծմինդայում շուկան կկառուցվի Պուշկինի փողոցի հարակից տարածքում: Նախագծային փաստաթղթերի համաձայն, շուկային պատկանող տարածքում կկառուցվի հասարակական զուգարան, պահեստ, մսի վաճառքի համար տաղավար և շատրվան: Մրցույթի դիմումների ընդունումը կշարունակվի մինչև մարտի 27-ը: Շուկայի կառուցումը կավարտվի պայմանագրի կնքումից հինգ ամիս անց: