Վրաստանում անցյալ շաբաթավերջի տվյալներով՝ արձանագրված է ավելի քան 2 300 կարմրուկով հիվանդության դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Վրաստանում կարմրուկի տարածումը հասնում է համաճարակի մակարդակի: Կառավարությունը որոշում է կայացրել անվճար պատվաստել բոլոր քաղաքացիներին: Հարկ է նշել նաև, որ ուսումնական հաստատությունները՝ պատվաստման փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ուսանողներին սպառնում էին զրկել ուսումից։
«Հունվար- փետրվար ամիսների նման արագ բռնկումներ այլևս չեն արձանագրվում: Հունվարի 19-ից պատվաստվել է ավելի քան հարյուր հազար մարդ: Կարմրուկը կանխարգելելու նպատակով հարկավոր է պատվաստել ևս 250 հազար քաղաքացու»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Նշենք նաև, որ նախօրեին հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հաղորդագրություններ էին ուղարկվել քաղաքացիներին՝ պատվաստվելու կոչով: aliq.ge