Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն անընդունելի է համարում ազգային փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիայի քննարկման վերսկսումը: Այդ մասին հայտնել է Վրաստանի հոգեւոր առաջնորդի մամուլի քարտուղար Միքայել Բոտկովելին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում` վերականգնողական բուժման փուլ անցնելու համար Հելսինկի մեկնելուց առաջ, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:
«Վերջին ժամանակներս վերսկսվել է ազգային փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիայի քննարկումը, որն, ըստ մեզ, անընդունելի է, քանի որ դա կհանգեցնի անջատողական շարժման եւ երկրում կստեղծի նոր խնդիրներ: Քանի դեռ մեզ մոտ որոշված չէ պետական լեզվի խնդիրը եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել, մենք անընդունելի ենք համարում այդ խարտիայի վավերացումը խորհրդարանի կողմից», – ասվում է կաթողիկոսի հայտարարության մեջ:
Նշենք, որ բժիշկների խորհրդով Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը նախօրեին մեկնել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի: Այնտեղ նա վերականգնողական բուժման փուլ կանցնի: Միկայել Բոտկովելին նշել է, որ այցը կարճ է լինելու, կտեւի երկու շաբաթ:news.am