Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմը հաստատել է տեղեկությունը, որ նա Թուրքիայում հեծանվով զբոսանքի ժամանակ ընկել է եւ վնասվածք ստացել:
Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Սահակաշվիլին երեք տեղից կոտրել է ուսը եւ վիրահատվել Ստամբուլում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահակաշվիլին կոտրել է ձեռքը՝ Անթալիայում զբոսնելու ժամանակ:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակաշվիլին դուրս է եկել մայրուղի, չի կարողացել կառավարել հեծանիվը եւ բախվել է կցասայլակով բեռնատարին:
Ինչպես գրում է «Նովոստի Գռուզիան», միջադեպի հետ կապված ապրիլի 8-ին նախատեսված բոլոր հանդիպումները չեղյալ են հայտարարվել: Դրանք տեղափոխվել են ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Վրաստանի նախագահը նախատեսել էր մասնակցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
news.am