Ապրիլի 5-ին Ջավախքի փոխանորդությունում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի պաշտոնական ընդունելության արարողությունը:
Դեռ մարտի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում: Նա նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացնելով նորանշանակ փոխանորդին, հույս հայտնեց, որ նրա հոգևոր ծառայությունն արգասաբեր և ի նպաստ կլինի Հայ Առաքելական Եկեղեցու:
Իր հերթին նորանշանակ փոխանորդը պատրաստակամություն է հայտնում միասնաբար ու մեծ պատասխանատվությամբ ծառայել ջավախքահայությանը:
Նա համոզմունք հայտնեց, որ սովորական մարդկանց համար հոգևորականի ներկայությունը պետք է տեսանելի լինի իր կողքին: Եվ միաժամանակ վստահեցրեց, որ Արգենտինայից հետո Ջավախքում ծառայելն իր համար պատիվ է:
«Շատերն ինձ հարցնում են, ինչպես ես Արգենտինայից հետո Ջավախք գնալու: Ես հայտարարում եմ, որ Արգենտինայից հետո Ջավախքում ծառայելն ինձ համար պատիվ է: Դեռեւս չգիտեմ թե ջավախքահայությունն ինչ ակնկալիք ունի, բայց ես շատ մեծ ակնակալիք ունեմ», – նշեց Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը