Այսօր Վրաստանի իշխանության ներկայացուցիչները հարգել են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով խորհրդարանի առջև կանգնեցված հուշարձանին։
Զոհվածների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Վրաստանի վարչապետը, Թբիլիսիի քաղաքապետը, կառավարության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքերով, Վրաստանի բազմադարյա պատմությունը դա ազատության համար պայքարն է, որը շարունակվում է մինչ օրս:
«Ես խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջև։ Համոզված եմ, որ վրաց ազգը միշտ հավատարիմ կմնա այն գաղափարին, որի շուրջ 30 տարի առաջ միավորվեց»,-ասել է կառավարության ղեկավարը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով, ապրիլի 9-ը մի կողմից մեծ ողբերգություն էր, քանի որ խլեց 21 մարդու կյանք, մյուս կողմից օր, երբ սկսվեց կայսրության փլուզումը:
1989 թվականի ապրիլի 9-ի լույս գիշերը խորհրդային զորքերը Թբիլիսիի կենտրոնում դաժանաբար ցրեցին խաղաղ բողոքի ակցիան, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ, հազարավոր քաղաքացիներ վիրավորվեցին:
Այդ օրը Վրաստանում անվանում են «արյունոտ կիրակի»: aliq.ge