Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտները մտադիր են շարունակել դասադուլը մինչեւ ապրիլի 14-ը, մինչեւ Վրաստանի նախագահի ժամանումը:
Այսօր կրկին Ազավրեթ գյուղի դպրոցում դասեր չկային: Աշակերտները չէին գնացել դպրոց եւ չեն պատրաստվում գնալ մինչեւ ապրիլի 14-ը:
Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքերով, ուսուցիչները սովորականի պես դպրոց էին եկել եւ սպասում էին աշակերտներին:
«Աշակերտները չէին եկել: Այսօր էլ դասեր չեղան: Քաղաքապետը մեզ տեղեկացրեց, որ ապրիլի 14-ին գալիս է նախագահը, եւ աշակերտները մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեն նրա այցից », – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը հավանություն չի տալիս բարեկարգման պահանջի նման միջոցին:
«Ես նրանց բացատրեցի, որ դասադուլ պետք չէ կազմակերպել: Մենք աշակերտներին առաջարկեցինք գնալ հարևան Բուռնաշեթ գյուղ, բայց նրանք հրաժարվեցին: Ես բոլորին, և նահանգապետին, եւ վարչապետին տեղեկացրել եմ դպրոցում ստեղծված իրավիճակի մասին: Նրանք պահանջում են ապահովության երաշխիք, իսկ ես ինչպես կարող եմ երաշխավորել, որ վաղը այս վթարային դպրոցը չի փլուզվի: Նախագահի ծրագրերում նախատեսված չէ այց դեպի Ազավրեթ գյուղ », – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Նյութը վերցված է jnews.ge-ից: