Վրացական հանքային «Բորժոմի» ջուրը առաջիկայում վերադառնալու է ռուսաստանյան խանութներ: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն PCH ռադիոկայանին հայտնել է, որ օրերս ավարտվել է հանքային ջրի կրկնակի ստուգումը, որը որեւէ խնդիր չի հայտնաբերել: Այսպիսով, «Բորժոմի»-ի արտադրողը կարող է առաջիկայում գրանցում ստանալ Ռուսաստանում:
Նախկինում «Ռոսպետրեբնադզորը» թույլատրել էր վրացական մի քանի գինեգործարանների արտադրանքի վերադարձը ռուսական շուկա: Մոսկվայում խոստացել են, որ խանութներում կհայտնվեն չկեղծված վրացական գինիներ` ենթադրելով, որ դրանք բավական թանկ կարժենան:
Նշենք, որ 2006թ. գարնանը Օնիշչենկոն արգելք էր մտցրել վրացական գինիների եւ հանքային ջրերի ներմուծման վրա` իր որոշւմը հիմնավորելով առաջին դեպքում պեստիցիդների նորմայից բարձր առկայությամբ, երկրորդ դեպքում` որակի ռուսական պահանջներին անհամապատասխանությամբ: Ընդ որում, նա խոստացել էր վերադարձնել վրացական արտադրանքը, եթե ապահովվի համապատասխան որակը: Վրացական կողմը այդ որոշումը քաղաքական էր անվանել:
news.am