Ապրիլի 14-ին, մայրենի լեզվի օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցկացրեց Ախալքալաքում:
Սալոմե Զուրաբիշվիլին տեսավ Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարության դպրոցի նախաձեռնությամբ Մշակույթի տան պատին նկարված «Մայրենի լեզու» վերնագրով գրաֆիտին, որը նկարվել էր այսօրվա առթիվ:
Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին և Մշակույթի տան շենքում գտնվող բոլոր հյուրերն ունկնդրեցին Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցի սաների արտասանությունները: Երեխաները, տոնական հագնված և նախագահի ներկայությամբ կաշկանդված, արտասանում էին տարբեր հայրենասիրական և ոգեշնչող բանաստեղծություններ:
Սալոմե Զուրաբիշվիլին ներկա գտնվեց Գեղարվեստի դպրոցի ցուցահանդես-դասին, դպրոցի սաները նկարում էին Մշակույթի տան նախասրահում, ցուցադրելով իրենց աշխատանքները: Նախագահը լուսանկարվեց երեխաների հետ:Մշակույթի տան դահլիճը բազմամարդ էր, բոլորը եկել էին երկրի նախագահին տեսնելու և լսելու, թե ինչ է ասելու նա:
Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցած իր ելույթում Զուրաբիշվիլին նշեց պետական լեզվի իմացության կարեւորությունը:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել են այստեղ: Գիտեմ, որ այստեղ ոչ բոլորն են հասկանում վրացերեն, կամ հասկանում են կիսով չափ, բայց կարևորն այն է, որ դուք բոլորդ եկել եք, շնորհակալ եմ դրա համար: Ես պատասխանատու եմ նրա համար, որ երկրում վրաց լեզուն իսկապես պետական լեզու դառնա, դառնա բոլորի լեզուն, քանի որ ես բոլորի նախագահն եմ, ես սահմանադրությամբ պատասխանատվություն եմ կրում լեզվի տարածմանը, հանրամատչելի դարձնելու և լեզվի ուսուցման համար», – նշեց նախագահը:
Նախագահը պարգեւատրեց Ժվանիայի դպրոցի կողմից գեղարվեստական մրցույթի հաղթողներին:
Ախալքալաք կատարած այցի ավարտին նախագահը այցելեց Սուրբ Խաչ եկեղեցի այնուհետեւ ուղեւորվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղ: