Նինոծմինդայից մինջեւ Ժդանովականի անցակետ, կենտրոնական ճանապարհի ողջ երկայնքով, ճանապարհի երկկողմանի եզրերը ողողված են աղբով: Թափոնները հիմնականում շշեր են, որոնց մեծ մասը պլաստիկ շշերն են, բացի դրանցից, նաեւ մեծ քանակությամբ կան պոլիէթիլենային տոպրակներ, ապակե շշեր եւ այլն:
Այս ամենի մեղավորները անցորդներն են, ովքեր անգիտակցաբար մեքենաներից դուրս են նետում աղբը՝ մեծ վնաս հասցնելով բնությանը եւ շրջակա միջավայրին: Իրավիճակը տհաճ է հատկապես Օրլովկա գյուղի շրջակայքում եւ այնտեղ գտնվող կանգառի մոտ, որտեղ աղբը մեծ քանակությամբ է տարածված, իսկ այդտեղ գտնվող Ախմազի լճի ափը, որը հարակից է կենտրոնական ճանապարհաեզրին, նույնպես գտնվում է շշակույտի եւ աղբի այլ թափոնների մեջ:
Այս խնդրով մենք դիմեցինք Նինոծմինդայի կոմունալ ծառայության բաժնի տնօրեն Մելս Մնացականյանին ով նշեց՝ որ տվյալ խնդրի համար չեն կրում պատասխանատվություն, եւ այն չի մտնում իրենց պարտականությունների մեջ:
Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափող մարդկանց համար տուգանքների մասին օրենքը ուժի մեջ է մտած: Ըստ որի մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:
Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Ֆիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կկեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք:
Բայց ով եւ ինչպես է վերահսկելու այդ գործընթացը Նինոծմինդայում, դեռեւս պարզ չէ: