Ապրիլի 16-ին’ Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում Տեր Տաթև Մարուքյանը հանդիպեց ջավախահայ ուսանողների հետ։
Հանդիպման շրջանակներում քննարկվեց այն հարցը’ թե ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու Թբիլիսիում’ Ապրիլի 24-ին։
Հարցերի քննարկումից և գաղափարների փոխանակումից հետո համընդհանուր որոշում կայացվեց, որ ապրիլի 23-ին ‘ժամը 19-ին ուսանողները հավաքվելու են Վակե այգում ու ժամը 20-ին մեկնարկելու է Ջահերթը։ Ապրիլի 24-ին կկայանա Սուրբ Պատարագ, այնուհետ երիտասարդները կշարժվեն կրկին նույն հավաքատեղի, որպեսզի մասնակց դառնան բուն միջոցառմանը։
«Այս ընթացքում զգուշանալ բախումներից, պրովոկացիոն փորձերին նույն կերպ չպատասխանել և դրսևորել միասնականություն»-հորդորում էր Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը։ Տեր Տաթևի կողմից ցավալիորեն նշվեց այն փաստը, որ ընդամենը տարին մեկ անգամ ենք հիշում զոհերին։ «Բոլորդ երջանկություն եք ձգտում, բայց եթե չպահպանեք նախնիների հիշատակը, ապա երջանիկ ապագայի փափագ չունենաք»-ավելացրեց Տեր Տաթևը։ Հանդիպմանը’ իր ուրույն գաղափարներով աչքի ընկավ նաև Սեդրակ Մուրադյանը։
«Ապրիլի 24-ի միջոցառումներով չպետք է բավարարվենք ու պայքարը պետք է լինի շարունակական, մենք այս հարցը ուրիշ դաշտ պետք է տեղափոխենք, մենք հայրենք ենք կորցրել, մեր գերագույն նպատակը ճանաչումը չպետք է լինի։ Մենք հանդես ենք գալու իբրև պահանջատեր։ Այսօր, երևի թե չկա որևէ երկիր կամ միջազգային լուրջ կազմակերպություն, որը հերքի հայոց ցեղասպանության փաստը, բայց ինչ խոսք պետություններն իրենց շահերից ելնելով չեն ճանաչում ոճիրը» – դիվանագիտորեն հավելեց Սեդրակը։
Այս ամենից բացի քննարկվեցին այլ և այլ հարցեր։ Խոսվեց ազգային արժեքների պահպանման ու վեհացման մասին։ Ցավով նշվեց այն հանգամանքը, որ այսօրվա դրությամբ հեռուստատեսությունը գրեթե ոչ մի կերպ չի աշխատում պահպանել ազգայինը, այն սովորույթներն ու ավանդույթները, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Հետաքրքիր էր իմանալ յուրաքանչյուրի տեսակետը, որովհետև ամենն իր հերթին յուրովի էր։ Հանդիպումը ավարտվեց Տեր Տաթևի Սուրբ Օրհնությամբ։ Նա կամեցավ, որ Աստված պահապան լինի ուսանողներին և ուսումը հասնի իր գագաթնակետին, որովհետև գիտելիքով զինված մարդն է ուժեղ։
Նյութը տրամադրել է «NOR» ռադիոյի կամավոր Արմենուհի Շիրինյանը: