Սահակաշվիլին հերքել է 2008-ի օգոստոսյան դեպքերի հետ կապված բոլոր մեղադրանքները

Սահակաշվիլին հերքել է 2008-ի օգոստոսյան դեպքերի հետ կապված բոլոր մեղադրանքները

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հերքել է բոլոր մեղադրանքները, թե իբր 2008 թվականին ռուս վրացական պատերազմն սկսելու մեջ կա Վրաստանի մեղքը եւ հրաժարվել է համագործակցել այդ գործով հետաքննություն իրականացնող մարմնի հետ:

Վրաստանի նախագահն այս կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանում, բրիֆինգի ժամանակ, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ հանդիպումից հետո:

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Թբիլիսիի վրա դեռեւս ծածանվում է վրացական հինգ խաչանի դրոշը եւ այդ դրոշը կարող են պոկել միայն վրացիները»,-ասել է Սահակաշվիլին եւ հավելել. «Այսօր Վրաստանն ունի կառավարություն, որը հայտարարում է, որ Վրաստանն է սկսել առաջին ռազմական գործողությունները, դրանով, ըստ էության, հաղթաթուղթ տալով ագրեսորին»:

«Այսօր մենք ունենք կառավարություն, եւ ես նման նախադեպ չգիտեմ այլ երկրների նորագույն պատմության մեջ, որը պատրաստվում է հետաքննել եւ պատժել նախկին իշխանությանը այն բանի համար, որ նախկին իշխանությունն իր տարածքում հատուկ գործողություն է իրականացրել անջատողականների դեմ, այն մարդկանց դեմ, ովքեր պայքարել են Վրաստանի անկախության եւ միասնության դեմ»,-հայտարարել է Սահակաշվիլին ու հավելել. «Եկեք այսօր այնպես չանենք, որպեսզի ամեն տեսակ նորօրյա օրջոնիկիձեների ձեռքով Վրաստանն իր ձեռքով թշնամուն հանձնի իր անկախության բանալիները, անձամբ իջեցնի Վրաստանի հինգ խաչանի դրոշը եւ հրաժարվի ազատությունից եւ Վրաստանի անկախությունից»:

«Ես որպես նախագահ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սահմանազատվում եմ վարչապետի այն հայտարարություններից, որ ռազմական գործողություններ սկսելը եղել է Վրաստանի մեղքով: Ես որպես Վրաստանի քաղաքացի եւ նախագահ ոչ մի վայրկյան չեմ համագործակցի այդ հակապետական հետաքննության հետ, որի վերջնական նպատակը Վրաստանի պետականությունը վարկաբեկելն է»,-ամփոփել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 10-ին, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները 2008-ի օգոստոսին ոչ համարժեք են գործել: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին նույնպես հայտարարել է, որ Վրաստանի նախագահը, հնարավոր է, կհարցաքննվի օգոստոսյան պատերազմի գործով: Նախօրեին Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ հատուկ քննչական խումբ կստեղծվի՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի իրավական կողմը հետաքննելու նպատակով:
news.am



Opinion, pooling and voting