Ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Աշխարհի բազմաթիվ պետություններ տարբեր մակարդակներում ճանաչել և դատապարտել են մարդկության հանդեպ իրականացված այս ոճրագործությունը, սակայն մինչ օրս Թուրքիան ժխտում է այդ փաստը: Ամեն տարի Հայաստանում և Սփյուռքում ապրիլի 24-ին անցկացվում են անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումներ:
Ապրիլի 24-ին, ժամը 11-ին Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց Ցեղասպանության զոհերի 104-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագ: Պատարագից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի բազմաթիվ բնակիչներ շարժվեցին դեպի Մշակույթի կենտրոնի դիմաց տեղադրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ և ծաղիկներ խոնարհեցին:
Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: