Գինեսի ռեկորդակիրը պատրաստվում է ատամներով 24 ավտոմեքենա քաշել

Գինեսի ռեկորդակիրը պատրաստվում է ատամներով 24 ավտոմեքենա քաշել

Գինեսի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը պատրաստվում է առաջիկայում ատամներով իրար միացված 24 ավտոմեքենա քաշել: Նա ցանկանում է այս ռեկորդը սահմանել Գյումրիում:

Աշոտ Խանոյանը ծնունդով Ջավախքից է, բայց երկար տարիներ ապրել է Մոսկվայում, որտեղ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նոր ռեկորդներ է սահմանել: «Այս տարի Գյումրիում ցանկանում եմ նոր ռեկորդ սահմանել՝ միանգամից քսանչորս մեքենա քաշելով: Այն եւս նվիրելու եմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,-ասում է նա:

Քսանչորս մեքենաների ընդհանուր քաշն, ըստ Աշոտ Խանոյանի, լինելու է 128 տոննա: «Պարանով ձգել եմ գնացքի յոթ վագոն, որի քաշը եղել է 440 տոննա, իսկ ես եղել եմ 55 կիլոգրամ»:

Նշում է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին զուգահեռ փորձել է ի աջակցություն ակցիաներ կազմակերպել, բայց ՌԴ-ում զրկվել է մշտական բնակության իրավունքից:

«Ինձ դեպորտ են արել, ես արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ, ոչ մի բանի համար չեմ փոշմանել: Հանուն հայրենիքի` պետք է պատրաստ լինել ամեն ինչի էլ դիմանալ»:

Աշոտ Խանոյանն ասում է, որ այս գերբնական ուժը, որով կարողանում է տարբեր քաշերի առարկաներ ատամներով բարձրացնել եւ տեղաշարժել, իր մոտ նկատվել է 6-րդ դասարանում: «Այս ուժը լիարժեք օգտագործել եմ 2002 թվականից: Մինչ այս սահմանում եմ ռեկորդներ՝ տարբեր ոճի: Առաջին անգամ ատամներով բարձրացրել եմ ութ կիլոգրամանոց աթոռը եւ գլուխս վեր պահած մնացել եմ մեկ ժամ տասը րոպե: Հետո ատամներով բարձրացրել եմ ծանրաձողը՝ պարանով կապված, որը եղել է մինչեւ հարյուր կիլոգրամ: Ատամներով քաշել եմ նաեւ ավտոմեքենաներ»:

Նա նշում է, որ միանգամից իրար միացված քսաներկու մեքենա է քաշել, որը նվիրել է Երեւանի 2800 ամյակին եւ քառօրյա պատերազմի մեր հերոսներին: Աելացնում է, որ իր քաշն այժմ 65 կիլոգրամ է, բայց աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ցանակնում է քաշը հավասարեցնել 57 կիլոգրամի: «Այդ ժամանակ ցանկանում եմ պարանով ձգել 500 տոննա նավը, որը լինելու է Գերմանիայում: Սա գինեսի ռեկորդ է համարվելու»:

Աշոտը նաեւ ասում է, որ այս ռեկորդները սահմանելիս` որեւէ դրամական միջոցներ չի ստանում, իր միակ նպատակը Հայաստանը եւս մեկ առիթով ճանաչելի դարձնելն է:

Աշոտ Խանոյանն ատամներով տարբեր ծանրության առարկաներ տեղաշարժելուց զատ նաեւ ապակի է կարողանում ուտել: «Խռուստալից հինգ հատ բաժակ եմ կերել միանգամից: Որեւէ առողջական խնդիր չեմ ունեցել: Առաջին անգամ 2007 թվականին Մոսկվայում եմ կերել: Մի քանի օր առաջ էլ Գյումրիում եմ կերել»: