Իվանիշվիլի. Նախագահ Սահակաշվիլին ստիպված է լինելու ներկայանալ հարցաքննության

Իվանիշվիլի. Նախագահ Սահակաշվիլին ստիպված է լինելու ներկայանալ հարցաքննության

Վրաստանի նախագահը ստիպված է լինելու այնքան անգամ ներկայանալ հարցաքննության, որքան կպահանջվի: Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ` կապված 2008 թվականի օգոստոսյան դեպքերը հետաքննելու համար հատուկ հանձնաժողով ստեղծելու ծրագրերի հետ:

Հայտարարությունում նշվել է, որ հարցերը կդրվեն միայն քաղաքական ղեկավարության` գլխավոր հրամանատարի եւ ամբողջ կառավարության առջեւ, ովքեր ստիպված են այդ հարցերին պատասխանել օրենքի առջեւ:

«Այժմ ամենակարեւորն օրենքի գերակայությունն է եւ բոլորը, ներառյալ նաեւ նախագահը, ստիպված են հարցաքննության ներկայանալ այնքան, որքան հարկ լինի: Այն, որ Սահակաշվիլին տրվել է Ռուսաստանի սադրանքներին, անվիճելի է, սակայն եւ Ռուսաստանը հաղթող դուրս չեկավ եւ հուսով եմ, որ սա շատ լավ գիտակցում են նաեւ Ռուսաստանում», – ասվել է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, Իվանիշվիլին` մեկնաբանելով նախօրեին իր կողմից հնչած խոսքերն այն մասին, որ 2008 թվականին Վրաստանն իրեն անպարկեշտ կերպով է պահել, պարզաբանել է, որ ինքը երբեք չի ասել, որ օգոստոսյան իրադարձություններում ագրեսոր կողմը եղել է Վրաստանը եւ պատերազմը սանձազերծվել է հենց Վրաստանի կողմից: Բայց, վարչապետի խոսքով` բազմաթիվ հարցեր կան, որոնց նախկին իշխանությունները ստիպված են պատասխան տալ, հայտնում է «Գրուզիա Online»-ը:

«Մենք պետք է հետաքննենք եւ պարզենք ճշմարտությունը, որը ոչ մի դեպքում չի վնասի մեր երկրի անունը եւ չի ազդի տարածքային ամբողջականության վրա, քանի որ, ինչ էլ որ մեր երկրի իշխանությունները նախաձեռնել են` չի արդարացնում Ռուսաստանի ագրեսիան»,- ասվել է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահակաշվիլին` մեկնաբանելով Իվանիշվիլիի խոսքերը, հայտարարել է, որ չի պատրաստվում համագործակցել այդ հակապետական հետաքննության հետ:
news.am



Opinion, pooling and voting