Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը՝ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի դիմումով, մամլո հաղորդագրություն է տարածել, որի թարգմանությունը հրապարկում ենք ստորեւ.
«2019 թվականի ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դեսպանատան մոտ ցույց անցկացրին: Ինչպես և նախորդ տարիներին, նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջում էին, որպեսզի 1915-ի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»: Ավելին, այլ երկրներում հայկական սփյուռքի հռետորաբանության նման, իրենց երգերում, ելույթներում և կարգախոսներում նրանք սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ու վիրավորում Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին», — դեսպանի խոսքերն է տարածում Վրաստանի Հանրային հեռարձակողը:
«Նույն օրը, ապրիլի 23-ի հետ կապված, որը նշվում է Թուրքիայում որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, Թուրքիայի դեսպանատունը՝ երեխաների մասնակցությամբ, կազմակերպել էր համերգ և համաշխարհային խաղաղության թեմայով թուրք երեխաների նկարների փոքր ցուցահանդես: Դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հնչեցին մանկական երգեր, այդ թվում նաեւ երկու հայերեն երգ, ինչպես նաև թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով:
Դեսպանատան միջոցառման ժամանակ հայ-վրացական լրագրողը ինձ խնդրեց հարցազրույց տալ, որը ներկայացնում ենք ստորեւ: Հարցազրույցում ես խոսեցի այն մասին, որ սոցիալական ցանցերում հրապարակել եմ 2017 թվականին՝ հիմք ընդունելով սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ժառանգությունը:
«Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում էլ երևում է, որ ես ընդգծել եմ երեխաների տոնակատարության ուղերձը, որը խաղաղության կոչ էր, առ այն, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երեխա ունի խաղաղության հեռանկար: Հետաքրքիր է, որ «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցս չի արտացոլվել Վրաստանի լրատվամիջոցներում: Այսուհանդերձ, անկեղծ հույս ունեմ, որ վրաց հասարակությունը կկարողանա կարդալ այս հաղորդագրությունը ձեր հրապարակումների միջոցով:
Թուրքիայի դեսպանի ուղերձն այնուհետեւ շարունակվում է հետեւյալ «Ասալա»-ի, Հրանտ Դինքի ժամանակին արված հայտարարությունների հիշատակությամբ
Ուղերձ սոցիալական մեդիայի համար
«Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել Հրանտ Դինքի թուրքերենով արված երկու ելույթով:
Նա ասում է, որ թուրքերը և հայերը միմյանց համար դեղամիջոցներ են: Նա ասում է, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան միմյանց հպարտությունն ու ցավը: Նա կոչ է անում հայկական սփյուռքին չկառչել «ցեղասպանություն» բառից, չնայած նրան, որ հայը, որպես հայ, զգում էր մարդկանց կորստի պատճառած ցավը: Նա թուրքերին ասում էր, որ փորձեն հասկանալ հայերի ցավը: Նա հիշում էր երկու կողմերի սարսափելի կորուստը, ինչը պայմանավորված էր մեծ ուժերի իմպերիալիստական քաղաքականությամբ: Նրա ուժեղ, իմաստուն և արժեքավոր ուղերձը և ժառանգությունը պետք է պատվի արժանանա:
Հրանտին սպանեցին, այնպես ինչպես 1973-1984 թթ. ASALA-ի և JCAG-ի կողմից Լոս Անջելեսում, Փարիզում, Բեյրութում, Վատիկանում, Բելգրադում, Օտտավայում, Հաագայում, Աթենքում, Սիդնեյում, Բոստոնում, Լիսաբոնում, Բրյուսելում, Թեհրանում, այսպես կոչված ցեղասպանության վրեժի համար սպանվեցին 32 թուրք դիվանագետ և նրանց ընտանիքների անդամները: Ես գտնում եմ, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն, այլեւ եղբայրների սպանություն էր: Առաջին աշխահամարտի ընթացքում տեղահանություն էր, որը հանգեցրեց հազարավոր մահվան եւ չպետք է մոռացվի զոհերի հիշատակը:
1918 թվականին լույս տեսած Ֆիլիպ Պռայսի «Պատերազմ և հեղափոխություն ասիական Ռուսաստանում» գրքում, որպես «Մանչեսթեր Գարդիան»-ի թղթակից, Կովկասի հուշերի մասին գրում է.
«Այժմ ես հստակ տեսնում եմ, որ մեղքը պատերազմական հանցագործությունների համար չի կարող միայն մեկ կողմինը լինել… որքան շատ ենք նայում բոլոր կողմերի փաստերին և զոհերի պատմությանը, այն ինչ ես արել եմ 18 ամսվա ընթացքում, պարզ է դառնում, որ անհնար է որևէ մեկ կառավարությանը մեղադրել: Ես սգում եմ բոլոր զոհվածների` հայերի, թուրքերի, քրդերի մահը, ովքեր հայտնվեցին մի պատերազմի մեջ, որն իրենք չէին սկսել: Կիսում եմ զոհվածների ընտանիքների վիշտը, ովքեր ստիպված էին լքել իրենց նախնիների հողը: Սրանք միլիոնավոր մուսուլմաններ են` վրացիները, թուրքերը, ալբանացիները և Ղրիմի թաթարները, ովքեր IX-XX դարերում Անատոլիայում իրենց հայրենի հողերից արտաքսվեցին:
Ես սգում եմ նաև այն 32 դիվանագետի մահը, բայց նաեւ հույս ունեմ, որ թուրք և հայ երեխաները մի օր միասին կտոնեն խաղաղության օրը և կսովորեն հարգել միմյանց ցավը և հպարտությունը, ինչպես Հրանտ Դինքը մեզ կոչ արեց: Ես լիովին համաձայն եմ նրա տեսակետի հետ, որ չպետք է թույլ տանք ուրիշներին օգտագործել այս ցավալի հիշողությունը: Մենք պետք է մեր երեխաներին պաշտպանվել սովորեցնենք և միևնույն ժամանակ հարգել ուրիշներին: Մենք պետք է կարեկցել սովորեցնենք, ոչ թե ատելություն: Մենք պետք է նրանց ապագայի եւ ոչ անցյալի տեսլական տանք: Նրանք չպետք է մոռանան, բայց նրանք նախ պետք է ուսումնասիրեն ամբողջ պատկերը առանց քարոզչության: Թերևս մեր սերնդի համար էլ ուշ չէ:
Դիվանագետ դառնալուս պատճառը հենց սա է եղել, մնացեք խաղաղությամբ», — ասվում է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցից առաջ դեսպանատունը տոնական միջոցառում էր անցկացնում, հնչում էին մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես էր:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանն ասել էր, թե այս օրը Թուրքիայում նշում են երեխաների տոնը և նրանք որոշել են Վրաստանում էլ նշել այն։