Ապրիլի 24-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում անցկացվեց միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության 104-րդ ամյակին:
Հայոց Ցեղասպանությունը (Մեծ Եղեռն, Armenian Genocide) – արևմտահայության բռնի տեղահանումն ու շուրջ մեկ ու կես միլիոն հայերի կոտորածներն էին 1915-1923 թթ., Օսմանյան Թուրքիայում: Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:
Հայոց Ցեղասպանությունն աշխարհում երկրորդ ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է: Այս օրը ոչ մի հայի հիշողությունից չի կարող ջնջվել ու եթե անգամ մի հայ էլ մնա, նա կհիշի իր ազգի հետ կատարվածը:
Իհարկե, տարիներ անց փոխվում են սերունդներն ու մարդիկ, նրանց մտածելակերպն ու դիրքորոշումները, և կարիք չկա այս երկու ազգի, նոր սերունդների մեջ նորից թշնամություն սերմանել, բայց սեփական ազգի պատմությունը մոռանալն ու հատուցում չպահանջելը կուրացում ու դավաճանություն է նշանակում: Այդ իսկ պատճառով, մինչև վերջ համախմբված ու արժանապատիվ սերունդ դաստիարակելով մենք պետք է հասնենք այն օրվան, երբ ցեղասպանությունը կընդունեն բոլոր ազգերը, այդ թվում նաև այն իրականացնողները:
Ցույց տալու համար, որ այս օրը երբեք չի մոռացվելու, մի շարք դպրոցներում կազմակերպվեցին միջոցառումներ, իսկ գյուղերի ու քաղաքների փողոցներում խաղաղ ցույցեր:
Մեծ Արագյալում անցկացված միջոցառման ժամանակ արտասանվեցին հայոց մեծ բանաստեղծների ստեղծագործություններ, երգվեցին հայրենասիրական ու ցեղասպանությանը նվիրված երգեր:
Գյուղի հասարակությունը այսպես հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցում էին’ 6-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները, իսկ կազմակերպիչը հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Խանբեկյանն էր: Այսպիսով կարող ենք նորից ու նորից ասել, որ՝ «Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել»:
Նյութը տրամադրել է «NOR» ռադիոյի կամավոր Գոհար Աղջոյանը.