Ախալքալաքում տարածվել է ապատեղեկատվություն, որ իբր մայիսի 1-ից Սամցխե-Ջավախքում ավտոմեքենաների պարտադիր տեխզննումը չեղարկվելու է երկու տարի ժամկետով: Սա չի համապատասխանում իրականությանը:
Որոշ վարորդներ, որոնց մեքենաների տեխնիկական զննման ժամկետը մոտենում է, անհամբերությամբ սպասում են մայիսի 1-ին, մտածելով, որ մեքենայի ստուգումը չեղյալ է հայտարարվելու: Հայտնի չէ, թե որտեղից է ի հայտ եկել և տարածվել տեղեկատվությունը, որ Սամցխե-Ջավախքում ճանապարհները գտնվում են վատ վիճակում և տեխնիկական զննումը կչեղարկեն 2 տարով, մինչեւ բոլոր ճանապարհները չբարեկարգվեն:
Տեղեկատվությունը ստուգելու համար մենք զանգահարեցինք «Green Way» սպասարկման կենտրոնի գործավարին:
«Ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է, ինչպես կար, ոչ մի նոր բան, դրանք պարզապես բամբասանքներ են», – ասում է Մալխազ Նադիրեդաձեն:
Հիշեցնենք, որ արդեն 2 ամիս է «Green Way» մեքենաների տեխնիկական ստուգման կենտրոնը գործում է Խոսպիո գյուղում:
Մինչ Ախալքալաքի հիմնական կենտրոնի բացումը գործում էր շարժական կենտրոնը, որտեղ սպասարկում էին մեկ մեքենա, ինչի արդյունքում կուտակվում էր ավտոմեքենաների հերթ: Հիմնական կենտրոնը միանգամից սպասարկում է 2 ավտոմեքենա: Այստեղ աշխատում է 6 աշխատակից: Մեկ մեքենայի տեխզննման ժամանակը 15-ից 40 րոպե է, կախված մեքենայից: Օրինակ, ավտոբուսները տեխզննումն անցնում են 35-40 րոպեում, միջին մեքենաները՝ 25-30 րոպեում, իսկ թեթև մարդատար մեքենաների համար անհրաժեշտ է 15-20 րոպե:
Կենտրոնը աշխատանքային օրերին իր աշխատանքը սկսում է ժամը 10:00-ին եւ աշխատում է մինչեւ ժամը 19:00-ն:
Նախքան տեխզննումն անցնելն անհրաժեշտ է ստուգել՝
1. Բոլոր արտաքին լուսավորության սարքավորումների սարքին լինելը
2. Սարքին պետք է լինեն մեքենայի ապակեմաքրիչները
3. Ձեռնարգելակը պետք է պատշաճ կերպով աշխատի
4. Անվադողերը չպետք է ճաղատ լինեն
5. Կեղտոտ ավտոմեքենաներին թույլ չեն տալիս անցնել տեխզննումը, հետևաբար պետք է հոգ տանել Ձեր մեքենայի արտաքին մաքրության մասին նախօրոք:
Փոխանցում է jnews.ge -ին: