
Ուժեղ տեղատարափ անձրևը մայիսի լույս 5-ի գիշերը ջրհեղեղ է առաջացրել Վրաստանի արևելքում գտնվող Լագոդեխիի շրջանի մի քանի գյուղերում, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
«Ուժեղ անձրևից հունից դուրս է եկել երեք գետ և ծածկել գյուղերի բնակելի տների բակերը և նկուղները, վնասել խաղողի, պտղատու այգիներ և շենքերի առաջին հարկերը։ Ամբողջ գիշերվա ընթացքում փրկարարներն աշխատել են ինտենսիվ ռեժիմում և դուրս մղել ջուրը։ Այդ գործընթացը դեռևս շարունակվում է։ Միջադեպի պատճառով ոչ ոք չի տուժել, այս պահին իրավիճակը Կախեթիայում կայուն է»,- ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ գյուղերի բնակիչներն ամբողջ գիշեր առանց լույս են եղել։ Էլեկտրաէներգեիայի մատակարարման վերականգնումը տեղի է ունենում փուլ առ փուլ։