Բաթումիի օդանավակայանում, «Կարմիր կամուրջ» մաքսակետում, Կազբեգիում, Լագոդեխիում, Սադախլոյում եւ Նինոծմինդայում բռնագրավվել է 26 740 հատ չհայտարարագրված ծխախոտ: Այս մասին հաղորդում է Եկամուտների ծառայությունը:
Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մաքսային տեսուչները, կասկածի հիմքով, վերոհիշյալ մաքսային անցակետերում ստուգումների արդյունքում, հայտնաբերել են չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրում եւ այլ մաքսանենգություններ՝ ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 5-ը:
Պատասխանատվության են ենթարկվել՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ: Խուզարկել են ինչպես կասկածյալներին, այնպես էլ տրանսպորտային միջոցները, որոնցով նրանք փորձել են հատել սահմանը: Արդյունքում, առգրավվել է 26 740 ծխախոտ, էլեկտրական ծխախոտի սարքավորում (IQOS-11 հատ), ալկոհոլային խմիչք (5 լիտր), ինչպես նաեւ 626 կտոր պոլիէթիլենային շերտեր, որոնք նախատեսված են ID քարտի լամինացման համար եւ Հունաստանի եւ Լիտվայի վարորդական վկայականներ:
Վրաստանի հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, իրավախախտներից առգրավվել է ապրանքը, տրանսպորտային միջոցը և նրանց պարտադրել են վճարել 1000-ական լարի: