Ֆրանսիայի արևելքում գտնվող դպրոցում աշակերտների ծնողները սովորողների շարքում 15 ոչխար են գրանցել՝ ի նշան դասարանների կրճատման դեմ բողոքի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Միջադեպը տեղի է ունեցել Կրե-ան-Բելդոն համայնքում: Տեղական իշխանությունները ցանկացել են վերացնել ավելորդ դասարանը՝ սովորողների ընդհանուր թվաքանակի աննշան նվազման պատճառով: Ծնողները պնդել են, որ դրա հետևանքով կավելանա մնացած դասարանների աշակերտների թիվը, ինչը բացասաբար կանդրադառնա կրթության որակի վրա:
Արդյունքում, տեղացի ֆերմերը դպրոց է բերել իր գառներից 15-ին, որոնց պաշտոնապես գրանցել են դպրոցի աշակերտների ցուցակում:
Ցուցարարներին աջակցել է քաղաքապետ Ժան-Լուի Մարեն, որը հրաման է տվել դպրոցի բակը բողոքի ակցիա անցկացնելու նպատակով տրամադրելու մասին: 1in.am