Սահակաշվիլին պատրաստ է մեկնել Աֆղանստան՝ հանուն Թբիլիսիում զորահանդես անցկացնելու

Սահակաշվիլին պատրաստ է մեկնել Աֆղանստան՝ հանուն Թբիլիսիում զորահանդես անցկացնելու

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրը զորահանդեսն ընդունելու իրավունքը հանձնել պաշտպանության նախրար Իրակլի Ալասանիային: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Դիրքորոշում» հաղորդման ժամանակ:

Երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը պետք է հրաժարվի այդ օրը զորահանդես անցկացնելու գաղափարից: Այդուհանդերձ, Սահակաշվիլին կարծում է, որ զորահանդեսը շատ կարեւոր է, քանի որ այն պետականության խորհրդանիշ է:

«Ես գիտեմ, խնդիրը ես եմ… Ես պատրաստ եմ այդ օրը մեկնել Աֆղանստան մեր զինծառայողների մոտ եւ թող զորահանդեսն ընդունի պաշտպանության նախարարը կամ միավորված շտաբի պետը եւ թող կառավարության մյուս անդամները կանգնեն հարթակում»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Միաժամանակ, Վրաստանի նախագահն ընդգծել է, որ «վրացական բանակը փրկել է երկիրը 2008 թվականի օգոստոսին»:
news.am



Opinion, pooling and voting