Վրաստանի հայկական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին

Վրաստանի հայկական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին

Վրաստանում գործող հայկական աշխարհիկ ու կրոնական կազմակերպությունները 1915-23թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին:

«Մենք, ներքոստորագրյալ Վրաստանի հայ համայնքի աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների նվիրվածության, կոչ ենք անում, միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին եւ Վրաստանի խորհրդարանում կազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ»,-ասվում է դիմումում:

«1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետեւանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից եւ իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Դրա մասին են վկայում իրավական փաստաթղթերը, որոնք 1915թ. մայիսին ընդունեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Հայ ազգի իրավունքների վերականգնման հարցը 1919թ. քննարկվել է Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում: Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստ է նաեւ 1920թ. ստորագրված Սեւրի պայմանագիրը: Հայոց ցեղասպանության նշաննեը լիովին համընկնում են 1943թ. հրեական ծագումով լեհ փաստաբան-Ռաֆայել Լեմկինի մշակած եւ 1948թ. ՄԱԿ – ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձեւի հետ, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ. հոկտեմբերին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան»,- ասվում է նամակում, որը ստորագրել են «Վրաստանի Հայ համայնքը», Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնը, «Վրաստանի հայերի ազգային կոնգրեսը», «Թբիլիսյան Հայերի Վեհաժողովը», Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միությունը, «Վրաստանի Հայ Համայնքի» ուսանողական միությունը, «Վրաստանի Հայ Համայնքի» երիտասարդական միությունը, Վրաստանի հայ նկարիչների միությունը, Վրաստանի հայ մտավորականների միությունը, Վրաստանի հայ երաժիշտների միությունը:

Հարկ է նշել, որանցած տարիների ընթացքում Վրաստանի հայկական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով բազմիցս դիմել են Վրաստանի պառլամենտին ու կառավարությանը, սակայն նրանց պահանջը միչ օրս մնում է անպատասխան:

Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20 պետություն, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտն եւ Եվրոխորհուրդը:

Այս պահին Հայոց ցեղասպանության հարցի քննարկման եւ ճանաչման գործընթացն իրականացվում է մի շարք երկրներում (ԱՄՆ, Բուլղարիա, Իսպանիա, Իսրայել):
news.am



Opinion, pooling and voting