Դաշբաշի կիրճում (Քվեմո Քարթլի մարզում), մոտավորապես մեկ տարի անց, յուրահատուկ ապակե կամուրջ կկառուցվի, որը Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելացնի մեկ միլիոնով: Այդ մասին հայտարարել է Kass Land շինարարական ընկերության տնօրեն Եկատերինա Թորդիան:
Ապակե կամրջի շնորհիվ այցելուները կարող են կիրճի մի ափից մյուսն անցնել:
«Այս կամուրջը յուրահատուկ կլինի և հատուկ ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ապակե կամրջի մեջտեղում ադամանդի ձև ունեցող բար կտեղակայվի, որտեղից Դաշբաշի կիրճի անմոռանալի տեսարան կբացվի այցելուների համար», – ասել է Թորդիան:
Կամրջի շինարարությունից բացի, Kass Land-ը 83 հեկտարի վրա էկոտուրիզմի զարգացման համար համապատասխան ենթակառուցվածք կստեղծի: Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության կողմից հայտարարված աճուրդում հաղթելուց հետո ընկերությունը պարտավոր է զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծել՝ սրճարաններ և ռեստորաններ, լողավազաններ, այցելուների կենտրոններ, կիրճ տանող ուղիներ և այլն: