Էվեքս կազմակերպությունը պարգեւատրեց Խնգո Քաշանյանին

Էվեքս կազմակերպությունը պարգեւատրեց Խնգո Քաշանյանին

Մայիսի 12 ին նշվում է բուժակի եւ բուժքույրի միջազգային օրը: Այս օրը մեծ շուքով նշեցին Թբիլիսի քաղաքում: Էվեքս կազմակերպությունը անցկացրեց բարձրակարգ միջոցառում Թբիլիսիի ֆիլհարմոնիայի համերգասրահի մեծ դահլիճում՝ նվիրված բուժակների և բուժքույրերի միջազգային օրվան, որի ընթացքում սերտիֆիկատով և շքանշանով պարգևատրվեցին մի շարք հիվանդանոցների առաջադեմ բուժակներ եւ բուժքույրեր:

Արժանի բուժակների շարքում էր նաև Խնգո Քաշանյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղից: Խնգոն Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի 5- րդ կուրսի ուսանող է: Մանկուց երազել է դառնալ բժիշկ, ցանկությունը, ինչպես նշեց նա մասամբ կատարվել է: Սովորելու հետ զուգահեռ Խնգոն աշխատում է Թբիլիսիի շրջանային հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքում, որպեսզի կարողանա որոշակի գումար վաստակել իր կարիքների համար, այդ կերպ նաև թեթևացնելով ծնողների հոգսը: Աշխատանքի տեղավորվելու համար նա հանձնել է քննություն, որտեղ հավաքելով բարձր բալեր անցել է աշխատանքի:

«Աշխատում եմ գիշերը, իսկ առավոտյան արդեն պետք է գնամ դասի, չնայած դժվար է երկուստեք համատեղել, բայց ամեն ինչ անում եմ ,որ չթերանամ ոչ աշխատանքի , ոչ էլ դասերի շրջանակում»։

Հենց այստեղ էլ նա արժանանում է ուշադրության՝ հիվանդների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի, բժշկության ոլորտում կուտակած և արդեն պրակտիկայում օգտագործող գիտելիքների շնորհիվ, ինչպես նաև բուժքույրերի և բուժակների համար պարտադիր քննությունների շնորհիվ, որտեղ անցողիկ բալը 60-ն է։ Դրանից ցածր հավաքելու դեպքում, բուժակը կամ բուժքույրը կկորցնի իր աշխատանքը, իսկ ահա Խնգոն վերջին հանձնած քննության արդյունքում հավաքել է 100 բալ, ինչը աննախադեպ է, աննախադեպ նրանով, որ ռեանիմացիոն բաժանմունքի տասնյակ բուժքույրերի և բուժակների մեջ միայն Խնգոն է հավաքել այդ բալային ցուցանիշը։

Հենց դրա արդյունքում Էվեքս կազմակերպությունը առաջադեմների շարքում դասել էր նաև Խնգոին, և Թբիլիսիի ֆիլհարմոնիայի դահլիճում շքեղ միջոցառման ժամանակ Էվեքսը դիպլոմով և բուժակի շքանշանով պարգևատրեց նաև նրան:

Համերգը բաղկացած էր երկու մասից , սկզբում պարգևատրումն էր, որին հաջորդեց համերգային ծրագիրը։ Համերգի ընթացքում հանդես եկան հայտնի կատարողներ երաժշտական ոլորտից։ Բարձրակարգ երաժշտությունը ապահովում էր Եվգենի Միքելաձեի անվան ազգային նվագախումբը Նիկոլոզ Ռաճվելիի դիրիժորությամբ:

Մեզ հետ զրույցում Խնգոն համեստորեն նշեց, որ սա իր կյանքում առաջին և անսպասելի պարգևատրումն էր նման մարդաշատ դահլիճում և այս պարգևից հետո ամեն ինչ կանի ,որ դրանց թիվը ավելանա, հասնի բժշկության բարձր ոլորտներին և իր մանկության երազանքին, որն էլ քաղցր է հենց մանկության պես:



Opinion, pooling and voting