Հրշեջներին հաջողվել է չեզոքացնել կրակի օջախները Բորժոմիի կիրճում։ Այս մասին երեկ երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի Արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով, Բորժոմիի շրջանի Սակիրե գյուղի մոտակայքում գտնվող անտառի հրդեհման մասին ազդանշանն ընդունվել է երեկ՝ մայիսի 15-ին։ Հրդեհը մարելու համար կենտրոնացվել է 150 հրշեջ -փրկարար և Ազգային անտառային գործակալության մոտ 30 անտառապահ։ Ավելի ուշ նաև գործողություններին միացել է ոստիկանական ուղղաթիռը։
Կենդանի ուժը և օդային տեխնիկան աշխատել են երկու կրակային օջախների մոտ՝ լեռան լանջին։
《Տեղում գտնվում են մոտ 150 հրշեջ-փրկարար՝ Թբիլիսիի, Բորժոմիի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ադիգենի ստորաբաժանումներից։ Բարդ ռելիեֆի պատճառով չի հաջողվում տեխնիկան մոտեցնել կրակի հիմնական օջախին》,- հայտարարում է ԱԻԾ-ը։
Այս պահի դրությամբ, ուղղաթիռը, վատ տեսանելիության պատճառով, դադարեցրել է իր աշխատանքը մինչ առավոտ:։ Երկու օջախների մոտ էլ ողջ գիշերվա ընթացքում հրշեջները հերթապահել են, որպեսզի կանխարգելեն կրակի տարածումը։
Վրաստանի ՆԳՆ-ը սկսել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ վերացում հրդեհի, պայթյունի կամ հասարակության համար այլ վտանգավոր ճանապարհով։ Որպես պատիժ նախատեսված է 3-5 տարի ժամկետով ազատազրկում։
2017 թ. օգոստոսին, Բորժոմիի կիրճում կրկին առաջացել էր անտառային հրդեհ, որը չեզոքացնում էին վեց օրվա ընթացքում։ Հրդեհի դեմ պայքարը բարդացնում էին ռելիեֆը, քամին և եղանակը։ Այդ ժամանակ այրված անտառային հատվածը կազմեց 943 հա։ Վրաստանին հրդեհը հանգցնելու գործում օգնում էին՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։