Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղն այս տարի քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպելու, տեղեկացնում է թուրքական Demokrat Haber կայքը։
Միջոցառումն սկսվելու է կազմակերպության դահլիճում՝ ապրիլի 23-ին բացվելիք ցուցահանդեսով։
2013թ.-ի ապրիլի 24-ին՝ չորեքշաբթի օրը, միջոցառումներն սկսվելու են գերեզմանատուն այցով։ Նրանք այցելելու են Ֆաիք Ալի բեյի գերեզմանին, ով դեմ էր գնացել 1915թ.-ի կառավարության հրահանգին և չէր տեղահանել Քութահյայի նահանգի հայերին, չէր ստիպել կրոնափոխ լինել և պաշտպանել էր իր նահանգի հայ համայնքին։
Ապրիլի 24-ին՝ ժամը 12։30-ին, Սուլթանահմեթում այժմ որպես թուրք-իսլամական թանգարան ծառայող շինության մոտ, որը նախկինում բանտ է եղել և որտեղ հազարավոր հայեր մահվան են դատապարտվել, հիշատակի միջոցառում է կազմակերպվելու։
Միջոցառման մասնակիցները ներկայացնելու են այն 2.300 գյուղերն ու քաղաքները, որտեղից բնաջնջվել են հայերը։
Ավելի ուշ միջոցառումների մասնակիցներն այցելելու են Շիշլիի հայկական գերեզմանատուն՝ 2011թ.-ի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանին։
tert.am