Հունիսի 1-ին Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Փոկա

Հունիսի 1-ին Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Փոկա

Հունիսի 1-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կգա Նինոծմինդա, որպեսզի այնտեղից սկսած անցնի Սուրբ Նինոյի ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Սուրբ Նինոյի ճանապարհով անցնելու ծրագրի մասին նախագահը հայտարարել էր մայիսի 29-ին «Մշակութային երթուղիները՝ Վրաստան, Եվրոպա» խորագրով հանդիսավոր միջոցառմանը ելույթի ժամանակ:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ այս ճանապարհով եվրոպացիները կհասկանան, թե ինչպիսին է եվրոպական Վրաստանը, իսկ ուղիները կարևոր են ինչպես մշակութային, այնպես էլ զբոսաշրջության, տնտեսական և տարածաշրջանային զարգացման հեռանկարների առումով:

«Այս ուղիները կբացահայտեն մեր մարզերը, ինչը տարածաշրջանի ճիշտ զարգացման խթանը կդառնա: Այս երթուղիների կարևոր մասը պետք է լինեն պատմության, ավանդույթների բացահայտումները։ Այսօր էլ շատ մարդիկ Եվրոպայում հետաքրքրված են ուխտագնացությամբ, և ես հունիսի 1-ին պատրաստվում եմ անցնել Սուրբ Նինոյի ճանապարհը», — հայտարարել է նախագահը:

Լեգենդը պատմում է, որ մի օր երազում Սուրբ Նինոյին երևացել է Սուրբ Աստվածածինը, և հանձնել նրան խաղողի որդատունկից խաչը, այդպիսով օրհնելով Իբերիայի բնակիչներին: 319 թվականին լուսավորիչը ժամանել է Վրաստան, բերելով Աստծո խոսքը ժողովրդին: Հասնելով Վրաստան, Փարվանա լճի մոտ, Սուրբ Նինոն հանդիպել է մցխեթացի հովիվներին, ովքեր պատմել են լուսավորչին իրենց երկրի մասին: Նինոն շարունակել է ճանապարհը հովիվների հետ միասին, և հասել Վրաստանի հնագույն մայրաքաղաք` Մցխեթա: