Երեխաների պաշտպանության օրը նշվում է ամենուրեք: Բացառություն չէ նաև Ժդանովական գյուղը: Գյուղի հանրային դպրոցի բակում մեծ շուքով նշեցին տոնը:
Կազմակերպված էր յուրահատուկ միջոցառում, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկան բարձր դասարանի աշակերտները, Ժդանովականի պարի խումբը, և հենց իրենք՝ փոքրիկները, ովքեր նույնպես պարեցին:
Միջոցառման ընթացքում նաև կազմակերպված էր նկարների ցուցահանդես, որոնք նկարել էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտները: Երեխաների պաշտպանության օրը գյուղում կարծես թե արդեն ավանդույթ է դարձել:
Միջոցառումը մշտապես կազմակերպում է կենսբանության ուսուցչուհի Հայաստան Սիմոնյանը, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Քաղաքներում երեխաները ավելի մեծ հնարավորություններ ունեն, գյուղում այդ ամենը բնականաբար սահմանափակ է: Չեմ սիրում բողոքել ու անընդհատ տրտնջալ, թե այս չկա , այն չկա։ Շատ բան կախված է մեզանից՝ մեծահասակներիցս, եթե ցանկություն ունենանք ամեն պայման էլ կստեղծենք ի բարօրություն մեր երեխաների: Իսկ այս փոքրիկ միջոցառումով երեխաները կզգան իրենց հեքիաթային աշխարհում»:
Սա միակ տոնն է, որի ընթացքում հավաքվում են գյուղի բոլոր երեխաները, զվարճանում են, կարճատև խաղում, պարում ու շփվում են իրար հետ: Նշենք, որ գյուղում չկա մանկապարտեզ եւ խաղահրապարակ:
Անցած դարի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել: Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին:
Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր: Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ:
1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության: Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է 1950 թվականի հունիսի 1-ին, և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի:
1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից:
Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:
Երեխաների պաշտպանության Միջազգային օրվա առթիվ բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ: Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ նվերներով ու անակնկալներով: