Ապրիլի 24. Աշխարհը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24. Աշխարհը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ողջ աշխարհի հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: 1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ:

Հիշատակի արարողություններ տեղի են ունենալու աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայեր կան: Երեւանում ապրիլի 24-ի վաղ առավոտից անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող եւ հայ ժողովրդի վրածննունդը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են ուղղվելու տասնյակ հազարավոր մարդիկ. Գալու են ընտանիքներ, կազմակերպություններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն հայ ժողովրդի վշտի նկատմամբ: Սփյուռքի շատ ներկայացուցիչներ այդ օրը հատուկ ժամանել են Հայաստան` մասնակցելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող երթին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես տիկնոջ հետ առավոտյան այցելում է Ծիծեռնակաբերդ: Երկրի ղեկավարին, կուղեկցի երկրի քաղաքական եւ հոգեւոր վերնախավը, նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ: Ծիծեռնակաբերդ են այցելում երկրի ռազմական ղեկավարությունը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երթով Ծիծեռնակաբերդ են բարձրանալու նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրեսւ կուսակցությունների համակիրները:

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ hայերի ցուցաբերած համակրանքն օգտագործեցին որպես պատրվակ` ողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն: Հայաստանում հայտարարում են, որ սպանվել է ավելի քան 1,5 մլն մարդ: Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:
news.am



Opinion, pooling and voting