Թուրքիայի Իզմիր քաղաքում, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Բասմահանեի հրապարակում հավաքվածները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհված հայերի հիշատակին եւ մոմ վառել։ Այդ ընթացքում հրապարակ մտած «Ժողովրդի փրկություն» կուսակցության մի խումբ անդամներ սկսել են հավաքվածների կողմ նետել դրոշների փայտերը եւ ջրի պաստմասե շշեր։ Սգո միջոցառման մասնակիցները պատասխանել են իրենց վրա հարձակվողներին։
Մոտակայքում հերթապահող ոստիկանության ուժերն անմիջապես կանխել են բախման հետագա զարգացումը եւ ոստիկանական ուժերով կենդանի պատնեշ ստեղծել 2 խմբերի միջեւ։
Միջոցառումից հետո խմբերն առանց միջադեպի ցրվել են։
Նշենք, որ «Ժողովրդի փրկություն» կոչվող կուսակցության անդամները փորձել են Ստամբուլի Թաքսիմի հրապարակում եւս սադրանքներ իրականացնել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել։
news.am