Վրաստանի հատուկ ծառայությունները որոշել են փակել Թամերլան Ցարնաևին հավաքագրած «Կովկասյան հիմնադրամը»

Վրաստանի հատուկ ծառայությունները որոշել են փակել Թամերլան Ցարնաևին հավաքագրած «Կովկասյան հիմնադրամը»

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է դադարեցնել կոնտրհետախուզության վարչության գաղտնի կազմակերպություն համարվող «Կովկասյան հիմնադրամի» գործունեությունը, տեղեկացնում է «Известия»-ն։

Համաձայն հանրապետության ներքին գործերի նախարարության «Կովկասյան հիմնադրամի» մասին տեղեկանքի՝ գերատեսչությունը որոշում է կայացրել փակել հիմնադրամը, որը «բացահայտվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների առաջ»։

2012թ.-ի վերջին տվյալներ հայտնվեցին, որ «Կովկասյան հիմնադրամի» գործունեությամբ հետաքրքրվում են ռուսական հատուկ ծառայությունները։

Կազմակերպության գրասենյակում բազմիցս հայտնվել են մարդիկ, որոնք իբր ներկայացրել են վրացական սփյուռքը՝ Ռուսաստանի տարբեր շրջաններում, և որոնք ցանկացել են հարաբերություններ սկսել հիմնադրամի հետ։ Ըստ օպերատիվ աշխատակցի՝ նրանցից ոմանք կապ են ունեցել ՌԴ հետախուզության հետ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ հավանական է, որ կազմակերպության փակվելուց հետո ստեղծվի նոր կազմակերպություն՝ այլընտրանքային ֆինանսավորմամբ և նույն անվանումով։

«Կովկասյան հիմնադրամի» փոխնախագահ Գելա Խմալաձեն հաստատել է, որ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը։

«2013թ.-ի հունվարի սկզբից գործունեությունը գրեթե դադարեցվել է։ Ես այժմ այնտեղ չեմ աշխատում, սակայն համագործակցում եմ։ Կազմակերպությունը գրեթե փակվել է, իսկ ինչ վերաբերում է դրա գաղտնի գործունեությանը, ապա այդ մասին ոչինչ չգիտեմ»,-ասել է Խմալաձեն։

Վրաստանի ՆԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել հիմնադրամի փակումը։

Քաղաքագետ Սերգեյ Չերնյախովսկին կարծում է, որ «Կովկասյան հիմնադրամը» չի դիմացել հանրության ճնշմանը։

«Չի կարելի բացառել այն տարբերակը, որ մեղադրանքներն ինքնին այնպիսի իրավիճակ են ստեղծել, որում «Կովկասյան հիմնադրամն» այլևս չէր կարող աշխատել։ Հնարավոր է, որ դա է պատճառը»,-ասել է նա։
Ինչպես գրում է աղբյուրը, «Կովկասյան հիմնադրամը» ստեղծվել է 2008թ.-ի նոյեմբերի 7-ին՝ վրաց-օսեթական հակամարտությունից հետո, որպեսզի վերահսկի այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում Հյուսիսային Կովկասում։

Համապատասխանաբար Վրաստանի ՆԳՆ կոնտրհետախուզության վարչությունում հետախուզական գործողություն իրականացնելու վերաբերյալ գործ էր բացվել՝ «Դարյալ» անվանումով։
Հիմնադրամի հիմնական խնդիրը եղել է Հյուսիսային Կովկասի երիտասարդների և մտավորականների հավաքագրումը՝ Ռուսաստանի հարավային շրջաններում անկայությունն ու ծայրահեղական դրսևորումները մեծացնելու համար։

Համաձայն Վրաստանի հետախուզության տվյալների՝ Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչ Թամերլան Ցարնաևը հավաքագրվել է հենց այդ հիմնադրամի միջոցով։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի եզրագծին 12 վայրկյան տարբերությամբ 2 պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։ 26-ամյա Թամերլանը սպանվել է լույս ուրբաթ գիշերը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Նրա 19-ամյա եղբայրը՝ Ջոխարը, ձերբակալվել է և գտնվում է հիվանդանոցում։
tert.am



Opinion, pooling and voting