«Ավելի լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին». ՀՀ դեսպանը բարեգործական նպատակով այցելել է Ախալքալաք

«Ավելի լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին». ՀՀ դեսպանը բարեգործական նպատակով այցելել է Ախալքալաք

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն ապրիլի 23-ին բարեգործական նպատակով այցելել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

Այցի նպատակը Ախալքալաքի շրջանի Մոդեգամ եւ Հադո գյուղերում ապրող 2 անապահով ընտանիքների հումանիտար աջակցություն ցուցաբերելն էր: Այցը ամիսներ առաջ «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության համագործակցությամբ իրականացված «Դիվանագետներն ու արվեստագետները` կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնության շարունակությունն էր:

«Ավելի լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին» կարգախոսով առաջնորդվող ակցիաների նպատակն է հոդվածների ու ֆիլմերի միջոցով ներկայացնել ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ գյուղերում ապրող, սոցիալական փակուղում հայտնված ընտանիքների պատմություններ: Չսահմանափակվելով աղքատությունը սոսկ վավերագրելով` հիմնադրամը հասարակական արձագանք է արթնացնում եւ փորձում ոտքի կանգնեցնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին:

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի աջակցությամբ` «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի կողմից Երեւանում կազմակերպվել է «Դիվանագետներն ու արվեստագետները` կարիքավոր ընտանիքներին բարեգործական միջոցառումը: Համերգից ստացված հասույթին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եւ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի անձնական մասնակցությամբ, ավելացվել են դրամական միջոցներ այն հաշվարկով, որ հնարավոր լինի օժանդակել «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի` Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում բնակվող սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին:

Դեսպան Մանուկյանն եւ «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը, Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ այցելել են հիշյալ ընտանիքներին, նվիրաբերել կաթնատու կովեր` հորթուկների հետ միասին` նպատակ ունենալով այդ ընտանիքներին ապահովել ամենօրյա եկամտի աղբյուրով:

Նախաձեռնության մասնակիցները, նվիրաբերությունը կատարելուց հետո, պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի սոցիալապես անապահով հայ ընտանիքներին հետագա հումանիտար աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
news.am



Opinion, pooling and voting