Սահակաշվիլին Իվանիշվիլիի կառավարությունը թալիբների հետ է համեմատել

Սահակաշվիլին Իվանիշվիլիի կառավարությունը թալիբների հետ է համեմատել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը համեմատել է թալիբների կառավարության հետ: Այդպիսի համեմատություն նախագահն արել է այն բանի համար, որ Բաթումիում նոր Ամերիկյան տեխնոլոգիական համալսարանի համար կառուցված շենքը որոշել են դարձնել քաղաքի քաղաքապետարան: Նախագահն այդ որոշումն անվանել է «աղետալի» եւ կոչ է արել վարչապետին` վերանայել այն:

Սահակաշվիլիի խոսքով` Ամերիկյան տեխոնոլոգիական համալսարանի շենքի կառուցման գործընթացն ավարտվել է 2012 թվականին: Վրաստանի նախկին կառավարությունն այդ նախագծի համար մի քանի տասնյակ միլիոն լարի է ներդրել:

«Վերջերս ես իմացա Վրաստանի կառավարության աղետալի որոշման մասին` այդ հիասքանչ շենքում համալսարանի փոխարեն տեղավորել Բաթումիի քաղաքապետարանը: Այսպիսի որոշում կարելի է սպասել թալիբներից, այլ ոչ թե 21-րդ դարի եվրոպական երկրի կառավարության կողմից»,- Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է Սահակաշվիլին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Սահակաշվիլիի խոսքով` Վրաստանի նոր կառավարության որոշումը «ավերիչ եւ ոչ քաղաքակիրթ է եւ ուղղված է Վրաստանի ապագայի դեմ»:
news.am



Opinion, pooling and voting