Վրաստանի արևելյան Կախեթ երկրամասում ագարակատերերը ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ հողերը օտարերկրացիներին վաճառելուն, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Թրենդ» գործակալությանը:
Ակցիայի կազմակերպիչները մտադիր են հավաքել 25 հազար ստորագրություններ, այնուհետև դրանք ուղարկել խորհրդարան: Ագարակատերերի խոսքով, 2013-ի սկզբին նրանք արդեն բողոքներով դիմել են իշխանություններին, սակայն ոչնչի չեն հասել: Նրանք պահանջում են ստուգել նախկինում օտարերկրյա քաղաքացիներին վաճառված հողերի գործարքների օրինականությունը, ինչպես նաև այդ հողատարածքները վերադարձնելու ծրագիր մշակել:
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Կիրվալիձեն, մեկնաբանելով բողոքները, հայտնել է, որ օրենքը չի արգելում վաճառել հողատարածքներն օտարերկրացիներին:
Երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն հրաման է արձակել պետական հողերի վաճառքը դադարեցնելու մասին և հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանը պարզաբանել առք ու վաճառքի շուրջ հարցերը: Նրա կարծիքով՝ արդեն վաճառված հողերի հարցը պետք է լուծվի դատական կարգով:
tert.am