Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի կայանալիք հանդիպման ժամանակ կուսումնասիրվեն վիզային ռեժիմի եւ տրանսպորտային հաղորդակցության պարզեցման վերաբերյալ հարցերը:
«Մենք Ռուսաստանի պատասխանին ենք սպասում` կապված Վրաստանի քաղաքացիների որոշ կատեգորիաների համար վիզային ռեժիմի հեշտացման հետ»,- Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է Աբաշիձեն: Ընդ որում, նա հայտարարել է, որ «կողմերը կարգավորում են գոյություն ունեցող տրանսպորտային որոշ արգելքներ»: «Ես մասամբ նկատի ունեմ «Կազբեգի-Զեմո Լարսի» անցակետը, որը հունիսի մեկից արդեն կսկսի գործել շուրջօրյա»,- պարզաբանել է Աբաշիձեն:
Թուրքիան շահագրգռված է Սոչիի օլիմպիադայի համար բեռնափոխադրումները Ռուսաստան կատարել Վրաստանի միջով, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Աբաշիձեի եւ Կարասինի երրորդ հանդիպումը ծրագրվել է հունիսի մեկին Պրահայում, որտեղ եղել է նախկին հանդիպումը: Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Ժնեւում առաջին հանդիպման ժամանակ կողմերը որոշել են հանդիպել երկու ամիսը մեկ անգամ:
news.am