Փոքր Խանչալիի բնակիչները խնդրում են փոխհատուցել կարկուտի վնասները

Փոքր Խանչալիի բնակիչները խնդրում են փոխհատուցել կարկուտի վնասները

Փոքր Խանչալի գյուղում կարկուտը մեծ վնաս է պատճառել կարտոֆիլի ցանքատարածություններին: Արդեն 4-րդ անգամ վերջին մեկ ամսում կարկտահարվել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Բնակիչները նշում են, որ տեղ-տեղ  ամբողջապես  վնասվել է: ՛՛Ես ունեմ 4,5 հեկտար կարտոֆիլ, որից 2,5 հեկտարը ամբողջապես վնասվել է՛՛,-նշեց Փոքր Խանչալի գյուղի բնակիչը:

Կարտոֆիլագործությունը այս գյուղի բնակիչների համար դարձել էր ապրելու հիմնական եկամտի աղբյուր, սակայն նրանք լավ բերք ստանալու հույսը արդեն կորցրել են: Բնակիչները նաև դիմել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին, ով պատասխանել է նրանց, որ հարցը կբարձրաձայնի Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունում: Պատգամավորը նաև խոստացել է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կզննի կարկուտի պատճառած վնասի չափը և կօգնի բնակիչներին պարարտանյութ տրամադրել:

Այս առնչությամբ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան `պարզելու, թե արդյոք բնակիչներին օգնելու են թե ոչ: Քաղաքապետարանից մեզ ասացին, որ իրենք չեն կարող օգնել, բայց դիմել են գյուղատնտեսության նախարարություն եւ սպասում են պատասխանի:






Բորիս Ղարսլյան