Առեղծվածային ստորգետնյա փոսը Մադաթափա լճում

Առեղծվածային ստորգետնյա փոսը Մադաթափա լճում

Մադաթափա լճի մեջ գոյություն ունեն մի քանի ստորգետնյա խոռոչներ , որոնք կլանում են լճի ջուրը: Խոռոչներից մեկը, որին մենք անդրադարձել ենք, գտնվում է անմիջապես լճի ափին՝ բնակելի տների մոտ: Փոսը , որի խորությունը մոտավորապես երկու մետր է , բաղկացած է քարակույտերից։ Ջուրը, լցվելով փոսի մեջ, պտտվելով անցնում է գետնի տակ:

Խոռոչը մեկ Ժամում կլանում է մոտավորապես 20 տոննա ջուր, հաշվի է առնված նաև ջրի մակարդակի բարձրացումը, որի դեպքում ճնշումը խոռոչի հատակին մեծանում է, և ջուրը ավելի արագ է կլանվում գետնի տակ: Բնակիչները նշում են, որ խոռոչը տվյալ վայրում նախկինում չի եղել, այն առաջացել է մոտավորապես վերջին 20 տարիների ընթացքում:

Էքսպերիմենտ կատարելու համար մենք քարերով փակեցինք ջրի հոսքը դեպի փոսի մեջ։ Ջրի մակարդակը իջնելով պարզվեց, որ հատակին ջուրը անհետանում է մի քանի ուղղություններով: Ամենահետաքրքիրը այն էր, որ խոռոչներում կային մեծ քանակությամբ ձկներ, որոնք անհետանալով մի խոռոչի մեջ դուրս էին գալիս մեկ այլ խոռոչից, սակայն ջրի դեպքում այդպես չէ, բոլոր խոռոչներից ջուրը անհետանում է:

Պետք է նշենք ,որ տարեկան այդ ստորգետնյա խոռոչներում հսկայածավալ ջուր է անհետանում լճից, որն էլ դառնում է լճի ջրի մակարդակի իջեցման պատճառներից մեկը, սակայն լճի ցամաքելու ամենագլխավոր խնդիրը մնում է կոտրված ջրապատնեշը, որտեղով ջուրը հոսում է առանց վերահսկողության: Նշենք, որ Մադաթափա լիճը իր մեջ ունի ստորգետնյա աղբյուներ, որտեղից ջուր է բխում լճի մեջ՝ այդ կերպ պահպանելով ջրային բալանսը: Լիճը սնուցվում է ստրորգետնյա աղբյուրներից, անձրևաջրերից և գարնան ամիսներին ձնհալից կուտակված ջրերից, որոնք Քուրանչայ գետով հոսում են լճի մեջ, սակայն ամռանը արդեն գետը ցամաքում է:

Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ, որը կոչվում է Քոչկի նաև «Մադաթափա»: Մադաթափա լիճը որքան որ գեղեցիկ է, այնքան էլ առեղծվածային, իսկ թե ստորգետնյա խոռոչներով որտե՞ղ է անհետանում լճի ջուրը, ո՞րտեղից է այն դուրս գալիս և արդյո՞ք ինչ որ տեղից դուրս է գալիս այն, դեռևս ուսումնասիրված և ապացուցված չէ, հարցեր, որոնք անպատասխան են: