ՌԴ Պետդուման կառավարությանը հանձնարարել է դիտարկել Վրաստանի հանդեպ տնտեսական միջոցներ մտցնելու հարցը

ՌԴ Պետդուման կառավարությանը հանձնարարել է դիտարկել Վրաստանի հանդեպ տնտեսական միջոցներ մտցնելու հարցը

Պետդուման երեքշաբթի օրվա նիստում միաձայն ընդունել է հայտարարություն, որում դատապարտել է Վրաստանում հակառուսական սադրանքները եւ առաջարկել է դրանց պատասխանել մի շարք տնտեսական միջոցներով։ Ստորին պալատը խնդրում է կառավարությանը նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ բարեկամական գործողությունների շարունակման առնչությամբ Պետական դուման հանձնարարում է  Ռուսաստանի Դաշնության կառավարությանը դիտարկել Վրաստանի հանդեպ հատուկ տնտեսական միջոցների կիրառման նպատակահարմարությունը, որոնք նախատեսված են «Հատուկ տնտեսական միջոցների եւ հարկադիր միջոցների մասին» դաշնային օրենքում»,- ասվում է հայտարարությունում։

Պատգամավորները կտրականապես դատապարտում են չդադարող հակառուսական սադրանքները Վրաստանում՝ նշելով, որ «այդ երկրի արմատական ուժերի բացահայտ հարձակումները տանում են ռուս-վրացական հարաբերությունների հետագա վատացման»։

Նման միջոցներն առաջարկվում են Վրաստանում հակառուսական տրամադրությունների սրացման հետ կապված, խոսքը վերաբերում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սադրանքին, որտեղ հաղորդավար Գեորգի Գաբունիան ուղիղ եթերում մեկ րոպեից ավելի անվայելուչ արտահայտվել է Ռուսաստանի ղեկավարության հասցեին։