Թբիլիսիից Երևան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել են:
Վրացական ավիափոխադրող Georgian Airways ընկերության պաշտոնական էջում առաջիկա չվերթը՝ հուլիսի 10-ին է, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ էկոնոմ կարգով՝ 800 լարի է (մոտ 280 դոլար), առաջին կարգով՝ բիզնես կարգով՝ 1230 լարի (մոտ 430 դոլար):
Հարկ է նշել, որ մեկ ամիս առաջ նույն ուղղությամբ ավիատոմս կարելի էր ձեռք բերել մոտ 100 դոլարով:
Քաղավիացիան ամռանն ավիատոմսերի թանկացումը սովորաբար պայմանավորում է զբոսաշրջային սեզոնի հետ:
Այս անգամ տոմսերի գնաճը զուգադիպեց Վրաստանի խորհրդարանի միջադեպից հետո Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվելու հետ: Պաշտոնական Մոսկվան, ի պատասխան Վրաստանում հակառուսական ալիքի, հայտարարեց հուլիսի 8-ից դեպի Վրաստան թռիչքների արգելքի մասին: Այժմ ռուսական լրատվամիջոցները, հղվելով ՌԴ-ի ԱԳՆ-ի աղբյուրին, գրում են, որ հնարավոր է չվերթների արգելքը չեղարկվի՝ Վրաստանում ռուսատյացության ալիքի մարելու դեպքում:
Սպասում ենք թանկացման հետ կապված՝ Georgian Airways-ի պաշտոնական մեկնաբանությանը: aliq.ge