Թբիլիսիի Դոլաբաուրի փողոցում հուլիսի 16-ին շինարարական աշխատանքներ իրականացնելիս բանվորը վայր էր ընկել և տեղում մահացել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացած բանվորը 16-ամյա Գիորգի Բեշկենաձեն է:
Նա աշխատելու համար մայրաքաղաք էր եկել Լագոդեխիի շրջանից: Ընտանիքը երկար ժամանակ ֆինանսավորվում էր քաղաքապետարանի և «Կարմիր խաչի» կողմից:
Տղայի ծննդավայրից պատմում են, որ 16-ամյա Գիորգի Բեշկենաձեն մայրաքաղաք էր եկել մոր հետ: Ընտանիքի մեծ տղան անցած տարի ինքնասպան էր եղել, գրում է Primetime գործակալությունը, իսկ ամիսներ անց ընտանիքի հայրը վշտից ինքնասպան էր եղել տղայի գերեզմանի վրա:
Հիշեցնենք, որ բանվորը աշխատելիս է եղել կառուցվող շենքի վերելակի հատվածում, ընկել է վերելակի անցքի մեջ:
ՆԳՆ-ն քննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների անվտանգության կանոնների խախտում, որի հետևանքով մարդ է մահացել:Aliq.ge