Վրաստանի կառավարության հուլիսի 16-ի նիստում քննարկվել է բարձրալեռ գոտիների բնակավայրերի՝ 2019-2023 թվականների համար նախատեսված զարգացման ռազմավարությունը:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն նշել է, որ 2016-2019 թթ․ զարգացման հիմնադրամի բյուջեն կազմել է 86 մլն լարի:
«Մեր գործընկերների հետ միասին մշակել ենք բարձրալեռ գոտիների զարգացման 2019-2023 թթ․ ռազմավարությունը, որն էլ ավելի հավակնոտ է և հաշվի է առնվել յուրաքանչյուր դետալ: Սա երկարաժամկետ զարգացման ռազմավարություն է, որը նոր մակարդակի կհասցնի լեռնային գոտիների զարգացումը Վրաստանում: Այս նպատակին հասնելու համար պարտադիր է բարձրալեռ գոտիներում տուրիզմի, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացումը, բնակավայրերում բնակիչների սոցիալական աջակցությունն էլ ավելի մասշտաբային ծրագրերով՝ առողջապահության և այլ ծառայությունների հասանելիություն, ժողովրդագրական իրավիճակի բարելավում, ճանապարհային և այլ ենթակառուցվածների զարգացում: Այս նպատակների հետևում կա կոնկրետ գործողությունների ծրագիր», — հայտարարել է վարչապետը:
Այսօր բարձրալեռ կարգավիճակ ունեցող բնակավայրերի քանակը կազմում է ավելի քան 1 700 և մոտավորապես 250 հազար մարդ է օգտվում այս կարգավիճակից:aliq.ge