Հեշտիայում արդեն 2 -րդ տարին է գործում է մանկական եւ երիտասարդական կենտրոն, որը հիմնադրվեց Վրաստանի Կարիտաս բարեգործական կազմակերպության կողմից:
Կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դասընթացների ավարտից հետո կենտրոնը ավանդույթի համաձայն կազմակերպում է ամառային ճամբար, որի գաղափարը պատկանում է Հեշտիայի հոգեւոր հովիվ տեր Անտոն քահանա Անտոնյանին:
Օգնության ձեռք մեկնեց Անարատ հղության հայ քույրերի միաբանության անդամ` առաքինազարդ Քույր Հակինթա Մուրադյանը եւ Մխիթարյան միաբանության անդամ հայր Գեւորգ վարդապետ Սարգսյանը:
Տարիներ առաջ գյուղում գործել է ճամբար, որը եղել է «Կարդինալ Աղաջանյանի» անվամբ, եւ այսօր վերականգնվեց այդ անվանումը: Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը ծնունդով Ախալցիխեից է, նա երկրորդ հայն է հայ կաթողիկե եկեղեցու մեջ, ով ստացել է կարդինալի կոչում: Նանա Անտոնյանը նշեց, որ ճամբարի անվանումը պատահական չէ ընտրված, ճամբարը կարդինալի անունն է կրում որպեսզի երեխաները ճանաչեն մեր մեծերին:
«Կարդինալ Աղաջանյան» ճամբար հաճախում են թվով 120 երեխաներ, հոգեւորականներին օգնում են նաեւ Հեշտիայի ՀՄԵԿ -ին կից, եւ Հեշտիայի հայ կաթողիկե եկեղեցու կամավոր երիտասարդները որոնք` թվով 20 են:
Ճամբարում գոյություն ունեն թվով 6 ջոկատներ` Մաշտոց, Նարեկացի, Ներսես Շնորհալի, Հռիփսիմե, Գայանե, եւ Գրիգոր Լուսավորիչ:
Անտոնյանի խոսքով ունեն նախատեսած շատ ակտիվ ծրագիր, որտեղ երեխաների հետ միասին կանցկացնեն տարբեր դասընթացներ` առաջին բուժօգնություն, Քրիստոնեական վարդապետություն (հոգեւոր կրթություն), հայոց պատմություն, սպորտ, երգ, պար եւ այլն:
Ճամբարի օրը սկսվում է սուրբ պատարագով որին հաջորդում է Վրաստանի եւ Հայաստանի օրհներգը, հետո մարզանք, դասընթացներ, կեսօրին ճաշ՝ որը տրվում է բացօթյա, տարբեր տեսակի խաղեր, հետո երեխաները վերադառնում են տուն:
Ջոկատավար Վլադիմիր Գոմցյանը նշեց. «Չնայած այն բանին որ ճամբարի երկրորդ օրն է, մտերմություն ու ընկերական մթնոլորտը երեխաների հետ էլ ավելի հաճելի է դառնում, ժամանակը անցնում է ավելի ուրախ եւ երեխաները կարողանում են ակտիվ կերպով մասնակցել բոլոր դասաժամերին»:
Մխիթարյան միաբանության սան Ֆարիդ Մանուկյանը անցած տարի նույնպես անցկացրել է պարի դասընթացներ, նրա խոսքով ձեռք բերած փոքրիկ փորձը հիմք է հանդիսանում ավելի շուտ եւ լավ ընկալել պարը` ինչը երեխաների մոտ շատ լավ է ստացվում ու նրանք շարունակում են էլ ավելի լավ պարել:
Քույր Հակինթա Մուրադյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Իմ նվիրումի կյանքի համար շատ բան սովորեցի աշխատելով Հեշտիայում (1994թ -ից մինչեւ 2010թ -ը), այցելելով հիվանդներին, մահամերձին, դժվար պահերին լինելով ժողովրդի կողքին: 16 տարի լինելով Հեշտիայում իմ մեջ արմատ ծլեց եւ այդ արմատները ճյուղավորվեցին Հեշտիայի յուրաքանչուր օջախից ներս: 16 տարիների ընթացքում շատ ուրախ օրեր եմ ունեցել, թոնրի հացն եմ կերել, երիտասարդների հետ թվով 50 հոգի երգչախումբ ենք կազմել եւ 67 հոգի թատերախումբ, որտեղ 2001թ -ին 1700 ամյակի քրիստոնեության ընդունման առիթով հասել ենք մինչեւ Թբիլիսի եւ Գյումրի: 2010 թվականին մեկնեցի դեպի Լոռու մարզ` Տաշիր քաղաք, օգնության հասնելու մեր նվիրյալ քույրերին եւ աշխատանքը շարունակելու այնտեղ: Այդ 9 -ը տարիների բացակայության ընթացքում ես միշտ իմ հոգու խորքում ունեցել եմ ապրած Ջավախք լեռնաշխարհը եւ ի մասնավորի Հեշտիան: 9 տարի անց ես նորից վերադարձա Ջավախք, իմ հարազատ Հեշտիա: Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ ոտքս ներս դրեցի եկեղեցու պարիսպներից ներս, տեսա ամբողջ Հեշտիայի հավատացյալ ժողովուրդը ծաղկեփնջերով, եւ չկարողացա զսպել իմ արցունքները»:
Մանրամասները մեր նյութում: