
«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը հուլիսի 28-ին Բաթումիում նախատեսում է հանրահավաք անցկացնել, որի պահանջներից մեկը կլինի Ռուսաստանի հետ երկխոսությունը:
Կուսակցության խորհրդի անդամ Արչիլ Լեկիշվիլիի հայտարարությամբ, հանրահավաքին մի քանի պահանջ կլինի, մասնավորապես՝ «Ոչ պատերազմին, Սաակաշվիլի-Բոկերիա հանցավոր ռեժիմի դատապարտում, ռազմական չեզոքություն, զբոսաշրջության խթանում» և այլն:
Հատկանշական է, որ Բաթումիում նախատեսվող ակցիայի մասին տեղեկատվությունը առաջինը տարածել է ռուսական «Ռիա Նովոստին», որը նյութը վերնագրել է հետևյալ կերպ. «Վրաստանում ցույց կանցկացվի Ռուսաստանի հետ երբեմնի լավ հարաբերությունների վերականգնման պահանջով»: Լրատվականը հիմնվելով «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչ Գիորգի Լոմիային, գրում է, որ Բաթումիում նախատեսվող ակցիայի պահանջներից մեկը կլինի Վրաստանի կողմից Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ ռիտորիկայի մերժումը:
Հատկանշական է, որ Վրաստանում հունիսի 20-ին զարգացած իրադարձություններից հետո «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները հուլիսի 15-ին հանդիպում անցկացրեցին Մոսկվայում:aliq.ge